Մտքի ուժը

Ինչո՞ւ են չորանում Արարատի մարզի ծիրանենիները․ հայ գիտնականները փնտրում են պատասխան․ «Մտքի ուժը»

Ինչու՞ են չորանում կամ քիչ բերք տալիս, օրինակ, Արարատի մարզի ծիրանենիները։ Գուցե շատերը հարցից զարմանան, բայց գյուղացիները լավ գիտեն, որ բերքի հետ խնդիրներ կան։

Պատճառը գիտական է՝ պարզում են հայ գիտնականները գիտական նպատակային «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը և միջոցառումների մշակմանը՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայի շրջանակներում։

Ծրագրի ղեկավարը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային ու հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանն է։ Երկու խոշորացված համայնք են ընտրել․ Վեդի խոշորացված համայնքից՝ հինգ համայնք, ևս հինգ համայնք էլ՝ Արտաշատից։ Բնակավայրերում աշխատում են կոնկրետ գյուղացիների հետ։

Ամեն ինչ անում են գիտական վերլուծության, հաշվարկների ու առաջարկների հիման վրա։ Ստեփան Դավթյանը նույն ամբիոնի ասպիրանտ է։ Մանրամասնում է. «Բնակավայրերում նախ տվյալներ ենք հավաքել՝ կլիմայական, ագրոքիմիական ու կադաստրային։ Դրանց ու արբանյակային հանույթներից ստացված տվյալների հիման վրա կատարել ենք մի շարք ինդեքսների հաշվարկներ ու քարտեզներ ենք պատրաստել»։

Ինչպես թիմային աշխատում են, ճիշտ այդպես էլ՝ թիմային, ներկայացնում են իրականացվող աշխատանքներն ու արձանագրած արդյունքները։

Հետազոտական թիմի անդամ է նաև Սամվել Թամոյանը։ Նա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնում է աշխատում։ Գյուղատնտես է։ Ոլորտում, մասնավորապես՝ նշված վայրերում, արձանագրել է հետևյալ համակարգված խնդիրները․ «Հողերը զգալի բացասական փոփոխություններ են կրել։ Մեծ մակերեսով հողեր չեն մշակվում։ Այսօր դա բարձրաձայնում են որպես դեգրադացիա։ Մյուս օբյեկտիվ պատճառը կլիմայի փոփոխությունն է»։

Գյուղատնտեսություն ու մաթեմատիկական մոդելավորում։ Առաջին հայացքից քիչ կապ ունեցող երկու ոլորտ, պարզվում է, սերտ համագործակցում են։ Հատկապես, որ մաթեմատիկական մոդելավորումն այսօր անհրաժեշտություն է բոլոր ոլորտներում։ Այս հետազոտության արդյունքներն էլ պետք է ընդհանրացնել, թվայնացնել։ Այս դեպքում է, որ մաթեմատիկական մոդելավորումն օգնության է գալիս։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ու ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը պատմում է. «Մոդելավորմամբ մենք կարող ենք կանխատեսել արդյունքը՝ առանց սպասելու վեգետացիոն շրջանի ավարտին։ Այն հաջողված է, եթե գիտափորձի հետ համեմատելիս տալիս է ընդամենը 3-5 տոկոս անճշտություն։ Կարծում եմ՝ մերն այդքան էլ կլինի, բայց պետք է սպասենք ավարտին»։

Գիտական թեմայի հայտը պայման ուներ՝ էկոնոմիկայի նախարարության հավանության արժանացում։ Այն կա, ուստի կան նաև նախադրյալներ, որպեսզի գիտական վերլուծությունը պրոյեկտվի նաև մյուս մարզերում։ Այս՝ առաջին տարվա ֆինանսավորումը, Արարատի մարզի համար է, հաջորդ տարի, եթե շարունակվի՝ Արմավիրի, իսկ արդեն 2027-ին՝ Արագածոտնի։

Կարդացեք նաև

Back to top button