Հայագիտակ

Անտիպ մնացած գիտական հարստություն․ Հրաչյա Աճառյանի «Հայարձան» վիմագրական աշխատությունը. «Հայագիտակ»

Նշանավոր հայագետ, բառարանագիր Հրաչյա Աճառյանը, բացի իր հիմնարար աշխատություններից, ունի նաև մի եզակի աշխատություն՝ «Հայարձան»-ը, որը նվիրված է հայկական վիմագրերին։ Դեռևս «Հայոց անձնանունների բառարանը» կազմելու ընթացքում Աճառյանը մշտապես անդրադառնում էր վիմագրական նյութերին։ Երբ Լազարյան ճեմարանը մրցույթ հայտարարեց վիմագրերին նվիրված աշխատությունների համար, Աճառյանն անմիջապես որոշեց մասնակցել։

Նա խնդրանքով դիմեց բոլոր ընկերներին՝ իրեն ուղարկել որքան հնարավոր է շատ վիմագրեր։ Բացի այդ, Աճառյանն ինքն էլ հավաքեց Թիֆլիսի հայկական բոլոր եկեղեցիների վիմագրերը և նրա հավաքած վիմագրերի թիվը հասավ երկու հազարի։ Այս հսկայական նյութը գիտնականը դասավորեց այբբենական կարգով՝ յուրաքանչյուր վիմագրի համար նշելով դրա ծագումը, եկեղեցու կոնկրետ հատվածը և բովանդակությունը։

Այս ամբողջը նա ամփոփեց «Հայարձան» աշխատության մեջ, որը, սակայն, տարբեր պատճառներով մինչ օրս լույս չի տեսել։ Այս ձեռագիրը չափազանց կարևոր աղբյուր է պատմաբանների, ազգագրագետների և հնագետների համար։

Պատմական գիտությունների թեկնածու Սուսաննա Ադամյանը նշում է, որ Աճառյանի 150-ամյակի կապակցությամբ ցանկալի է, որ «Հայարձանը» տպագրվի։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ հին, մանր ձեռագրով գրված բնագիրը ժամանակի ընթացքում պարզապես կարող է ոչնչանալ։ Ի դեպ, Աճառյանի ծոռնուհին ևս պատրաստակամություն է հայտնել օգնելու աշխատության հրատարակման գործում։

Կարդացեք նաև

Back to top button