
«Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը մեկնարկում է ուսուցիչների առաջնորդության երկամյա նոր ծրագիրը։ Նպատակը՝ պատրաստել ուսուցիչ-առաջնորդների նոր սերունդ, որոնք կապրեն և կաշխատեն Հայաստանի մարզերում՝ իբրև կրթական գործիչներ, համայնքային լուծումների նախաձեռնողներ և փոփոխության շարժիչ ուժեր։



Ուսուցչությունը ոչ թե պարզապես դասավանդում, այլ ուղի է՝ ստեղծելու փոփոխություն, ազդելու իրական մարդկանց կյանքի վրա և բացահայտելու սեփական առաջնորդական ներուժը։

«Այս ծրագրի միջոցով, ըստ իս, մենք կարողանում ենք մեր ներուժը բացահայտել։ Երբ այնպիսի միջավայրում ենք, որտեղ օրինակ մեր պես դիմորդներ են, նույն մտքի մարդիկ, գաղափարը տասնապատկվում է և լավագույնս բացահայտվում։ Այսինքն՝ ծրագրի միջոցով գտնվելով համայնքում, ես հասկացա, որ կարող եմ փոխել ինչ-որ մի բան, կամ որևէ մեկի կյանքում դրական տեղաշարժ ապահովել»,- ասում է «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման բաժնի ղեկավար Արշակ Պողոսյանը։
«Դասավանդի’ր հանուն Հայաստանի» նոր երկամյա առաջնորդության ծրագիրը նոր ճանապարհի մեկնարկ է։ Քեզ սպասում են Հայաստանի տարբեր համայնքներ՝ գյուղեր, քաղաքներ ու սահմանամերձ բնակավայրեր, որտեղ քո գիտելիքն ու հոգատարությունը կարող են փոխել մի ամբողջ սերնդի ապագան։

«Ծրագրի ամենաառաջնային նպատակներից է այն, որ մենք համայնքներ ենք ուղարկում ուսուցիչ-առաջնորդների։Սա մեզ համար հնարավորություն է համայնքների և աշակերտների հետ աշխատել՝ հնարավորություն տալով մեր երիտասարդներին բացահայտվել որպես սովորեցնող և առաջնորդ»,- ասում է «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը։




