Արդեն100 տարի

 Ժան Էլոյան. արվեստի և բեմի դարբինը. «Գրեթե 100 տարի»

Հանրային ռադիոյի ձայնադարանում պահվող անգին ձայնագրությունները, մեզ այսօր կօգնեն պատմելու բեմի և մանրապատումների մի հրաշալի վարպետի՝ Ժան էլոյանի մասին՝ ծնված Խնուսում, 1912 թվականին, դարբինների գերդաստանում, ով, ինչպես կասեր Խաչիկ Դաշտենցը, ինքն էլ դարձավ արվեստի և բեմի դարբին:

Երախտապարտ ենք սիրելի արտիստ Ժ. Էլոյանին ոչ միայն հոյակապ դերակատարումների և ընթերցումների, այլև փոքրիկ, համով-հոտով պատմությունների և իր մարդկային բացառիկ որակների համար: Հենց նա է Գյումրվա Վարդանիկի և ընկեր Մարգոյի զվարճապատումներից շատերի հեղինակը, հենց նրա շնորհիվ Ավ. Իսահակյանը Գյումրիում տապանաքար դրեց Պոլոզ Մուկուչի շիրիմին: Իսկ, երբ Վիլյամ Սարոյանը Երևանում լսեց նրա ասմունքն, ասաց՝ «Սա մարդը որ կա, ինձի ինչո՞ւ ուրիշ տեղեր կտանիք»: 

Հայկական ձայնասփյուռի «Բյուրակն» հանդեսի շրջանակներում, 1997թ. հեղինակ Կլարա Թերզյանը Ժան Էլոյանի 85 ամյակի առիթով հաղորդում էր պատրաստում: Ցավոք, հոբելյարը վաղուց արդեն ողջ չէր, բայց նրա ընկերների հուշերը ժապավենի վրա արձանագրեցին կարևոր մանրամասներ դերասանի կյանքից: Արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, գրականագետ, նաև դերասան Գևորգ Աբաջյանը հիշում է իր լավ ընկերոջը՝ նշելով, որ Ժան Էլոյանն է Մհեր Մկրտչյանին և Վարդուհի Վարդերեսյանին նկատել ինքնագործ խմբերում և տարել թատրոն:

Շատ ամուր էր Ժան Էլոյանի, Խաչիկ Դաշտենցի, Սողոմոն Տարոնցու, Վաղարշակ Նորենցի մտերմությունը: Դրա հիմքում, ինչպես պատմում էր գրող, հրապարագիր Սասուն Գրիգորյանը, «Սասուն-Մուշ-Խնուս» աշխարհի բառուբանը, նիստնուկացը, սովորույթներն ու հոգեբանությունն էր:

«Էրգրի և հողի կարոտն այնպես էին մեզ մերել, որ, գրեթե, ամեն օր «Արմենիա» հյուրանոցի 2-րդ հարկի սրճարանում, ժամը 13-ից 15-ը պետք է մշեցիների հանդիպեինք մեր սեղանի շուրջ, որի հավերժական թամադան Ժան Էլոյանն էր: Եվ ոչ միայն այստեղ, ուր էլ հավաքվեինք, ինչ առիթ էլ լիներ, մեր անփոխարինելի սեղանապետը քեռի Ժանն էր»:

Քեռի Ժանի, ինչպես նրան կոչում էին ավելի երիտասարդները, կատարումներից բացառիկ է Սասունցի Դավիթը: Սասունցի Դավիթը մենք վայելել են նաև ասմունքի մեկ ուրիշ հրաշալի վարպետ Սուրեն Քոչարյանի կատարմամբ:

Արվեստաբան Լևոն Հախվերդյանը իր կարծիքն է հայտնում այս երկու արտիստների՝ էպոսի մատուցման վերաբերյալ: Ասմունքող Թամար Դեմուրյանը, որ աշխատել էր Ժան Էլոյանի հետ, նրա մասին ասում է, որ երբ Ժանը բեմ էր բարձրանում, դահլիճն արդեն իրենն էր: Նա, կարծես, մի սիմֆոնիկ նվագախումբ լիներ:

Ետ պտտենք Ժան Էլոյանի կյանքի ժամանակը, երբ Ամերիկյան որբանոցից դուրս եկած պատանուն օգնության ձեռք մեկնեց որբանոցների միջով անցած տաղանդավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանը.  «Էս տղան կատարյալ դերասան է»,- խոստովանեց Աճեմյանը և 1929-ին, Ցոլակ Ամերիկյանի և ուրիշների հետ երաշխավորեց, որպեսզի «գրպանով աղքատ», հումորով՝ հարուստ 17-ամյա Ժանը ընդունվի Գյումրիի դրամատիկական թատրոն-ստուդիա:

Այսպես սկսվեց նրա հաղթարշավը հայկական բեմում, հետո հայտնվեց նաև շարժանակներում: Լավ կհիշեք «Հարսնացուն Հյուսիսից» հրաշալի ֆիլմի գյուղի պաշտոնյա ընկեր Գուրգեն Շաքարյանի դրվագային դերը, որ կատարում է Ժան Էլոյանը. «…Իրար ջան կասեք, ջան կլսեք: Մուրադ, դու էլ էն կողմերում չկատաղես…»: Սակայն Ժան Էլոյանը միայն իր դերասանական կենսագրությամբ չէ, որ մնացել է մեր մշակույթի պատմության մեջ, այլ նաև՝ իր զվարթ մանրապատումներով:

Կարդացեք նաև

Back to top button