Տեխնոլոգիական եռօրյա տոն՝ Երևանում։ Արդեն 20–րդ անգամ դռներն է բացել ԴիջիԹեք–ը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող մի շարք նախագծեր։ Դրանց հետ մեկտեղ Հայրապետյանն անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու ԱՄՆ-ի ստորագրած ռազմավարական հուշագիրն, որն ուղղված է արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության զարգացմանը։
Եթե արհեստական բանականությունը զարգանա նույն արագությամբ, որքան այս պահին է, ապա առաջիկայում բազմաթիվ ոլորտներում այն գերիշխող կդառնա ամբողջությամբ։ Իսկ մարդուն փոխարինելու կգան ռոբոտները։ Բայց դեռ միայն՝ ուսումնական։ Առաջին հայացքից սովորական թվացող ռոբոտներ, որոնք, սակայն, առանձնահատկություն ունեն․ դրանք ստեղծել են դպրոցականները։

Անանիա Շիրակացու անվան դպրոցի սաներն են հեղինակները։ Նախագծել են երկու ամսում․ օգնել են մենթորները։ Թագուհի Հայրյանը պատմում է, թե իրենց առաջարկը ինչով կարող է օգնել մարդկանց․ վտանգավոր ոլորտներում ոչ թե մարդն իր ձեռքով կաշխատի, այլ ռոբոտ ձեռքի օգնությամբ․

«Օրինակ՝ շինարարության ոլորտում, քիմիական ռեակցիերի ժամանակ, որոնց ժամանակ կարող են պայթյուններ լինեն։ Ռոբոտ ձեռքը տպված է եռաչափ տպիչի օգնությամբ»։
Դպրոցականների այս ու բազմաթիվ այլ առաջարկներ ներկայացված են «ԴիջիԹեք 2025» ցուցահանդեսին։ Այստեղ հիմնականում ՏՏ ոլորտի առաջարկներն են, իսկ քննարկումների առանցքում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է տարբեր ոլորտներում։ Հրաչյա Խաչատրյանը խելացի սարքերով է մասնակցում ցուցահանդեսին․

«Սրանք օգտագործում են կրթության մեջ, երեխան տանը ինքն իր համար կարող է հավաքել դրանք։ Դպրոցում կամ ուսումնական կենտրոնում, որտեղ ինժեներական կրթություն կա, այնտեղ է հնարավոր կիրառել, որպեսզի այդ սարքերի միջոցով իրենք խելոք սարքեր պատրաստեն ու փորձարկեն»։

Տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա են Հայաստանում, բայց առաջարկվող ծառայությունների արտահանման հետ կապված որոշակի դժվարություններ է տեսնում Հրաչյա Խաչատրյանը․

«Ոլորտը առաջ գնում է, բայց խթանելու համար էս պահին շատ ուժեղ խնդիր կա։ Կա արտահանման խնդիր, որտեղ մեծ ներդրումներ են պետք, որ Հայաստանում ստեղծվող ապրանքները կարողանան արտահանել, ինչպես նաև ներկրման հետ կապված խնդիր էլ կա, քանի որ մենք սարքաշինության հետ գործ ունենք, իսկ Հայաստանը հանածոներով շատ հարուստ երկիր չէ, նյութական մասը դրսից է բերվում, դրա համար շատ մեծ ներդրման խնդիր կա, որպեսզի նման սարքավորումներ կարողանանք ստեղծենք և արտահանել»։

40 000 այցելու շուրջ 20 երկրներից, համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ «ԴիջիԹեքն» արդեն 20–րդ անգամն է անցկացվում։ Այն Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումներն աշխարհին ցույց տալու լավ հնարավորություն է համարում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Լավ առիթ է, որ հավաքվենք, տեսնենք այն նվաճումները, որ գրանցել ենք վերջին մեկ տարվա ընթացքում»։
2024 թվականի դեկտեմբերի 4-ին նոր օրենք ընդունվեց, հաստատվեց 7-ամյա մի ծրագիր բարձր տեխնոլոգիաները Հայաստանում զարգացնելու համար։ Այդ նպատակով կառավարությունը մի քանի միլիոն դոլար հատկացրեց տեխնոլոգիական ընկերություններին, հիշեցնում է նախարարը․

«2025 թվականի հունվարի 22-ին մենք ընդունեցինք նոր օրենսդրություն, որով երկակի և ռազմական չճանաչված ապրանքների համար մենք նոր մաքսային բարելավում իրականացրինք՝ փորձելով օգնել ինժեներական ընկերություններին»։
Տարբեր նախագծեր ներկայացնելուց բացի, Հայրապետյանը վկայակոչեց նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական հուշագիրը, որով նպատակ է դրվում զարգացնել արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությունը։




