Էկոսֆերա

Առանց բնապահպանական պատասխանատվության տնտեսական զարգացում չի լինի․ «Էկոսֆերա»

Ծաղկաձորում տեղի ունեցավ «Mining Armenia Forum 2025» երկօրյա համաժողովը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության առջև ծառացած հիմնարար խնդիրները, գնահատվել է ընդհանուր տնտեսական միջավայրի ներուժը, ինչպես նաև կայուն զարգացման ժամանակակից մոտեցումներն ու ոլորտում նորարարական լուծումների ներդրումը։

Վերջին երկու տարիների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում կազմակերպությունների թվի որոշակի աճի միտում է նկատվել, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները։ Ըստ նրա՝ այդ կազմակերպությունները աշխատատեղերի ստեղծման կարևոր աղբյուրներից են։

Սյունիքը հանքարդյունաբերական ակտիվ մարզերից է։ Մասնավորապես, Կապանը խոշոր ազդակիր համայնք է, քանի որ գործում են երկու հանքարդյունաբերական հսկաներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ համայնքն ունի հանքարդյունաբերության հարուստ պատմություն. «Հանքարդյունաբերությունը մեր կյանքի մի մասն է…»։

Տասնութ տարի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, շարունակելով Գևորգ Փարսյանի միտքը, նշում է, որ կազմակերպությունները մարդիկ են ղեկավարում, և մոտեցումները կարող են փոխվել։

Ներկայում երկրի հանքարդյունաբերության ոլորտում կարելի է առանձնացնել երեք հիմնական խնդիր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջինը այն է, որ որոշ հանքեր կարող են դադարել գոյություն ունենալ 15-20 տարի հետո, ուստի անհրաժեշտ են նոր հետազոտություններ։ Հաջորդ խնդիրը բնապահպանական է։

Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը որոշակի մարտահրավերների է բախվում իր իրականացման ճանապարհին, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանի խոսքով՝ կառավարությունն ունի հստակ հանձնառություն դրա իրականացման հարցում։ Վարդանյանը նաև հայտնեց, որ նոր մետաղական հանքավայրերի թույլտվություններ այս տարի չեն տրվել, սակայն երկրաբանական հետազոտությունների անհրաժեշտություն կա։

Համաժողովը հնարավորություն է ընձեռնում քննարկել, թե ինչպես է հնարավոր համատեղել տնտեսական շահերը և շրջակա միջավայրի պաշտպանության ամենաբարձր չափանիշները, ասում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Մեր երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, սակայն ժամանակակից աշխարհում գոյություն ունի հստակ մոտեցում, համաձայն որի՝ տնտեսական զարգացումն աներևակայելի է առանց բնապահպանական պատասխանատվության։ Մենք պարտավոր ենք ապահովել մի քաղաքականություն, որի դեպքում հանքարդյունաբերության յուրաքանչյուր փուլ իրականացվում է՝ առաջնահերթություն տալով շրջակա միջավայրի պահպանությանը, էկոհամակարգերի կայունությանը և բնակչության առողջությանը»։

«Հայաստանի հանքարդյունաբերությունը» համաժողովի ժամանակ հայտարարվել է հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության պահպանման ծրագրերի համար Ջոն Հոբսի անվան մրցանակի ներդրման մասին։

Կարդացեք նաև

Back to top button