Էկոսֆերա

Շաքիի ջրվեժը պահպանության տակ է, բայց առանց կառավարման․ անձնագիրը կա, չի կիրառվում․ «Էկոսֆերա»

Շրջակա միջավայրի նախարարությունը օրերս հայտարարություն տարածեց, ըստ որի՝ բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռը որոշելու արարողություն կազմակերպելու հետ։ Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է և գտնվում է պետական պահպանության ներքո։

Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։ Ըստ դրանց՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր հուշարձանի համար կազմված անձնագրով։

Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։ Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է։ ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։

Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Դեպքի կապակցությամբ «Էկոսֆերա»-ի հետ զրույցում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Կարեն Մանվելյանը նշեց․

«Բնության հուշարձանների պահպանության հետ կապված հստակ կառավարման խնդիր կա։ Ճիշտ է՝ Շաքիի ջրվեժի անձնագիրը մենք ենք օգնել, որ մշակեն, բայց դա չի կիրառվում։ Անձնագրով ոչ մի հարց չի լուծվում, մինչև տեղում կառավարում չլինի հստակ՝ պահպանության խնդիրը չի լուծվի»։

Կարդացեք նաև

Back to top button