Սփյուռքի ձայնը

Կամավորությունից՝ կյանքի առաքելություն. սփյուռքահայ աղջիկների ճանապարհը դեպի Հայաստան և ՀՕՖ. «Սփյուռքի ձայնը»

Հայրենիքի հետ կապը երբեմն սկսվում է մի պարզ, բայց ճակատագրական քայլից։ Սփյուռքահայ երիտասարդներ Սառա Սթայսի և Լարա Բոյաջյանի համար այդ քայլը «Դեպի Հայք» կամավորական ծրագիրն էր՝ մի նախաձեռնություն, որը ոչ միայն նրանց ֆիզիկապես բերեց Հայաստան, այլև բացեց ճանապարհ դեպի ինքնության խորքերը, արմատներն ու կյանքի նոր իմաստը։ Սակայն նրանց պատմությունը պարզապես այցելությամբ չավարտվեց։ Այն վերածվեց առաքելության՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով, որտեղ կամավորական ոգին դարձավ ամենօրյա, պրոֆեսիոնալ աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի։

«Դեպի Հայք»՝ հիմք, որի վրա կառուցվեց ամեն ինչ
«Դեպի Հայքի» ստեղծած կապը կարևոր հիմք է Հայաստանում ապրելու համար։ Սառան անմիջապես արձագանքում է՝ խոստովանելով այդ բառի խորհրդանշականությունը իր համար։ «Ես շատ սիրեցի այդ բառը՝ հիմք, որովհետև իրականում ինձ համար «Դեպի Հայքում» իմ կամավորությունն ամեն ինչի հիմքն է եղել»։ Լարայի համար, ով բոստոնահայ ընտանիքից է, «Դեպի Հայքը» նույնպես դարձավ շրջադարձային։ Թեև նախկինում էլ էր եղել Հայաստանում, սակայն հենց այս ծրագրով եկավ՝ մնալու և խորասուզվելու հայաստանյան կյանքի մեջ։

Կիսով չափ հայ, ամբողջությամբ՝ հայրենիքում
Սառայի պատմությունը հատկապես տպավորիչ է՝ հաշվի առնելով, որ նրա կապը Հայաստանի հետ առաջին հայացքից թվում էր ոչ այնքան ամուր։ Նա կիսով չափ է հայ, կիսով չափ՝ իռլանդացի։ Հայկական արմատները գալիս են միայն մայրական պապիկից, ում նա, ցավոք, երբեք չի տեսել։ «Իմ ընտանիքում այդ արմատները ուժեղ չէին», — խոստովանում է նա։ Նրա մայրը չի խոսել հայերեն, և ընտանիքում Հայաստանի մասին գիտելիքները սահմանափակվել են ընդհանուր փաստերով։ Սակայն արյան կանչը, գուցե հենց այն պատճառով, որ այդքան հեռավոր էր թվում, ավելի ուժեղ գործեց։ «Երբեք չեմ ունեցել հնարավորություն պապիկիս հետ շփվելու, բայց շատ էի լսել նրա մասին»։ Այս կարոտն ու հետաքրքրասիրությունն էլ նրան բերեցին Հայաստան, որտեղ նա ոչ միայն գտավ իր պապի հայրենիքը, այլև ինքը դարձավ այդ հայրենիքի անբաժանելի մասը։ Նրա հայերենի իմացությունը և Գյումրիի բարբառով արված սրամիտ արտահայտությունները վկայում են, որ հայրենիքը ոչ թե արյան տոկոսն է, այլ հոգու ընտրությունը։

Կամուրջ դեպի ՀՕՖ. օգնությունից՝ հզորացում
Այս ամուր հիմքի վրա էլ կառուցվեց հաջորդ, ավելի հզոր կամուրջը՝ դեպի Հայ օգնության ֆոնդ։ Երկրաշարժից հետո ծնված այս կազմակերպությունն այսօր զբաղվում է ոչ թե պարզապես օգնություն տրամադրելով, այլ համայնքների հզորացմամբ։ Սառան այս փիլիսոփայությունը բնորոշում է այսպես. «Չենք տալիս ձուկ, մենք տալիս ենք այդ ձուկ բռնելու հմտությունը մարդկանց»։ Հենց այս գաղափարախոսությունն է գրավել երիտասարդներին։

Սառան ՀՕՖ-ին միացավ՝ կամավորական աշխատանքի ընթացքում Գյումրու «Արեգակ» սրճարանի համար դրամահավաք կազմակերպելով, իսկ ավելի ուշ իր հետ բերեց նաև Լարային՝ ստեղծելով ամուր թիմ, որն այսօր կամրջում է ՀՕՖ-ի ամերիկյան և հայաստանյան գրասենյակները։ Նրանց աշխատանքը վստահության կառուցման լավագույն օրինակ է։

Լարան, ով աշխատում է ԱՄՆ-ի գրասենյակում, շեշտում է Հայաստան այցելելու կարևորությունը։ «Շատ կարևոր է, որ կարող եմ ճամփորդել Հայաստան… ավելի հեշտ է ինձ համար, երբ կարող եմ տեսնել իմ սեփական աչքերով»։ Այս այցելությունները թույլ են տալիս դոնորներին փոխանցել ոչ թե վիճակագրություն, այլ իրական, ապրված պատմություններ և զգացմունքներ, — ավելացնում է։

Ինչո՞ւ գալ Հայաստան. անբացատրելի զգացում և իմաստի որոնում
Երբ հնչում է հարցը, թե ինչո՞ւ պետք է սփյուռքահայ երիտասարդը գա Հայաստան, Լարան ասում է. «Շատ դժվար էր բացատրել իմ կյանքը իմ ընկերներին… Միշտ ասել եմ, որ եթե ուղղակի գաս, անպայման կհասկանաս, որ մեր հայրենիքը մեր տունն է»։ Սառան տալիս է այս պատասխանը՝ համեմատելով Ամերիկայի հաջողության մոդելը հայաստանյան իրականության հետ։

«Իմ կյանքը ավելի իմաստալից է այստեղ… Երբ եկա Հայաստան, հասկացա, որ ես արդեն սկսել էի մոռանալ մարդկանց ու փնտրում էի հաջողություն, բայց հիմա իմ հաջողությունն՝ այդ մարդկանց հետ շփումներն են։ Հայաստանը վայր է, որտեղ մարդը վերադառնում է մարդուն։ Այնտեղ, որտեղ հաջողությունը չափվում է ոչ թե կարիերայի բարձունքներով, այլ մարդկային կապերի խորությամբ և հայրենիքին օգտակար լինելու զգացումով»։

«Դեպի Հայք»-ը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ։ Սկիզբը մի ճանապարհի, որը Սփյուռքի երիտասարդներին բերում է ոչ միայն դեպի Հայաստան, այլև դեպի իրենց իսկական էությունը, որն իր լիարժեք իրացումն է գտնում ՀՕՖ-ի նման կառույցներում՝ վերածվելով կյանքի իրական առաքելության։

Կարդացեք նաև

Back to top button