ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ ամռանը հրաժարվել է հաստատել Թայվանին նախատեսված 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը՝ Չինաստանի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու եւ Սի Ծինփինի հետ հանդիպում կազմակերպելու փորձերի ֆոնին, գրում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դրա մասին պաշտոնական հայտարարություն չէր արվել։
Թերթի տեղեկություններով՝ օգնության փաթեթը ներառել է նաեւ զինամթերք եւ ԱԹՍ-ներ։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել։
ԱՄՆ-ը երկար տարիներ ռազմական աջակցություն է ցուցաբերել Թայվանին։ Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր Թայվանի նկատմամբ «անխուսափելի» սպառնալիքի մասին՝ նշելով, որ Պեկինը նախատեսում է մինչեւ 2027 թվականը իր զինված ուժերը պատրաստել ներխուժման համար։
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածք եւ խոստանում է «վերամիավորվել» նրա հետ՝ չբացառելով ուժի կիրառումը։
Տես նաեւ` ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահներն այսօր քննարկելու են TikTok-ի ճակատագիրը




