
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսականներ Դինա Թայթսի (դեմոկրատ, Նևադա) եւ Գուս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) ներկայացրած երկկուսակցական օրինագիծը, որը կոչ է անում վերանայել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները։
Օրինագիծով պահանջվում է, որ նախագահը որոշի՝ արդյո՞ք պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախի հայերի 2023 թ․ էթնիկ զտման եւ երկրի ներսում քաղաքական ընդդիմության ճնշումների համար։
Կոնգրեսական Թայթսն ընդգծել է, որ Ադրբեջանը սովամահության է մատնել արցախահայությանը ապօրինի շրջափակման միջոցով, արհամարհել միջազգային կոչերը եւ հարձակում ձեռնարկել հայկական համայնքի վրա։
Իր հերթին, կոնգրեսական Բիլիրակիսը նշել է, որ Վաշինգտոնում խաղաղության հռչակագրից հետո էլ հումանիտար և քաղաքական ճգնաժամը շարունակվում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Նա ընդգծել է, որ ամերիկյան հարկատուների գումարները չպետք է ուղղվեն դաժան ռեժիմին աջակցելու համար։
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը մարդու իրավունքների խախտումների եւ էթնիկ զտումների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարեւոր քայլ է։




