
Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը, որը գտնվում է Հրազդան համայնքում, շահագործվում է հուլիսի 9-ից։
Այն սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը։ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը «Էկոսֆերայի» հետ զրույցում հայտնել է, որ այս պահին չորս խոշորացված համայնքներում իրականացվում է կանոնավոր աղբահանություն։
«Աղբահանությունն իրականացվում է երկու հերթափոխով և տեղափոխվում է սանիտարական աղբավայր, որտեղ թափվում է հատուկ բջիջների մեջ։ Այն համայնքներում, որտեղ մեր կողմից իրականացվում է աղբահանություն, այլևս չեն շահագործվում տեղական աղբանոցները։ Առաջիկա մեկ տարին մեզ համար բազային է լինելու՝ տեղեկատվության կուտակման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով», -նշել է Համբարձումյանը։
Ընկերությունը նախատեսում է նաև զբաղվել թափոնների տեսակավորմամբ։ «Հետագայում մեր ընկերությունը կզբաղվի վերամշակելի թափոնների հավաքմամբ, տեսակավորմամբ և այլ գործողություններով», — հավելել է նա։
Սանիտարական աղբավայրի էությունը կայանում է նրանում, որ խառը աղբը թաղվում է հնարավորինս անվտանգ՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Մեմբրանային շերտի շնորհիվ աղտոտված ջրերը չեն խառնվում ստորերկրյա ջրերին։ Խառը աղբից առաջացած սեղմահեղուկները ֆիլտրվում են և փակ խողովակաշարով դուրս են մղվում։




