
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հուսիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվում մի քանի թիրախի, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան:
«Եմենի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով բազմագլխիկ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը, որը հարվածել է Ջաֆայի օկուպացված շրջանում գտնվող մի քանի խոցելի թիրախի: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», — ասել է շարժման ներկայացուցիչը հուսիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր Եմենից արձակված հրթիռի խափանման մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռը խոցվել է Իսրայելի օդային տարածքից դուրս:
Գազայի հատվածում հակամարտության սրացումից հետո «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը զգուշացրել էր, որ կհարվածի Իսրայելի տարածքին և կխոչընդոտի իսրայելական նավերի անցմանը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, քանի դեռ պաղեստինյան անկլավում գործողությունը չի դադարեցվել:
2023 թվականի նոյեմբերից ի վեր հուսիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են հարյուրից ավելի նավերի վրա։ Հարձակումները դադարեցվել էին այս տարվա հունվարի կեսերին՝ Գազայում հրադադարի հաստատումից հետո, սակայն մարտի սկզբին՝ հրադադարի խախտումից հետո, ապստամբները հայտարարել են Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա հարվածները վերսկսելու մասին և սկսել են հրթիռներով հարձակվել հրեական պետության թիրախների վրա։




