
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կառավարությունը օրինագծով խորհրդարանից խնդրում է թույլտվություն Սևանից 30 մլն խորանարդ մետրով ավելի լրացուցիչ ջրառ իրականացնել։ Թեման բուռն քննարկումներ է առաջացրել խորհրդարանում։
Այս տարվա տևական շոգ և չոր եղանակային պայմանները ստիպել են կառավարությանը՝ Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցով դիմել խորհրդարանին։ Մարմարիկ, Հրազդան, Քասախ ու Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ու ջրապահանջը լրացնելու նպատակով կարիք կա ջրամբարներից ու Սևանա լճից իրականացվելու լրացուցիչ ջրբացթողումներ։ Կառավարության ներկայացուցիչ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրացուցիչ ջրառ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորեց՝ բացատրելով, թե ինչու է օրինագիծը հրատապ քննարկման դրվել։
«Տարվա չոր եղանակով պայմանավորված՝ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել Սևանա լճից նախատեսված 17 մլն ԽՄ-ի փոխարեն ջրառն ավելացնել 30 մլն խմ-ով և այսպիսով ջրառ իրականացնել 200 մլն խմ, ինչը հնարավորություն կտա մեղմել գյուղացիական տնտեսությունների ջրապահանջի դեֆիցիտը»։
Խուդաթյանը նաև համեմատական ցուցանիշներ մեջբերեց. նախորդ տարվա համեմատ և գետերի ջրերն են պակաս եղել, և ջրամբարների լցվածությունը։
«2025 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմել է 225 մլն խորանարդ մետր, ինչը 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 140 մլն խորանարդ մետրով»։
Ոռոգման ջրի պահանջարկի, ջրաղբյուրների ջրառաջարկի և առկա իրավիճակի վերլուծությունն է հանգեցրել Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու անհրաժեշտությանը՝ ասում է Խուդաթյանը։
Խնդիրը ռազմավարական կարևորություն ունի՝ ընդդիմությունն է շեշտում՝ անհասկանալի և անընդունելի որակելով հարցի քննարկումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյան.
«Էսպես ոտքի վրա, ձեռքի հետ քննարկելու խնդիր չի սա։ Սա պետք է նախօրոք պլանավորեիք, նոր բերեիք, որ մենք կարողանայինք կարծիք կազմել սրա մասին»։
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ էլ՝ ջրառի անհրաժեշտությունը ծագել է ոչ արդյունավետ կառավարման հետևանքով։
«Հայաստանի ջրային համակարգը՝ ոռոգման ջրի համակարգը 7 տարի եղել է որբի գլուխ։ Մինչև մտել են կաբինետ, ներքին հեռախոսահամարը սովորել են՝ հեռացրել են։ Ու այսպես շարունակ։ Դրա համար էլ այս օրին է»։
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ օրինագծին կցված չէ Սևանի հիմնահարցերով զբաղվող փորձագիտական հանձնաժողովի՝ ԳԱԱ-ի տեսակետը, ինչպես սովորաբար լինում է նման նախագծերի դեպքում։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը նիստ արել է, իսկ եզրակացությունը կցված չէ տեխնիկական պատճառներով։ Խոստացավ այն կցել մինչև երկրորդ ընթերցումը։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցին այլ կողմից է մոտենում։
«Ձեր բերած նախագիծն այն մասին է, որ դուք Սևանա լճից վերցնում եք ջուր և ջրին՝ Սևանա լճին, վերաբերվում եք որպես տարայի»։
Թովմասյանի դիտարկումը չկիսեց Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ Սևանա լճից միշտ է ջրառ իրականացվել.
«2025 թ.-ին մեր, նույնիսկ ավելացված ծավալով ջրառը չի գերազանցելու երբևէ Սևանա լճից վերցված ամենամեծ քանակով ջրօգտագործումը»։
Խուդաթյանի խոսքով՝ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզի որոշ հատվածների, Երևանի ու Արտաշատին հարակից հատվածների համար ոռոգման միակ միջոցն է համարվում Սևանը, ու նաև դրանով է պայմանավորված լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը։ Նա վստահեցրեց, որ իրենք էլ, ինչպես բոլորը, մտահոգված են Սևանա լճի՝ որպես ռազմավարական ջրային պաշարի պահպանության հարցով, բայց Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հատվածներում, այլ ջրաղբյուրների բացակայությամբ, պայմանավորված անհրաժեշտ է, որ Սևանից լրացուցիչ վերցվի 30 մլն խորանարդ մետր ոռոգման ջուր։
24-ժամյա ռեժիմով քննարկման դրված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։




