Հայագիտակ

Խաչվերացի խորհուրդը․ տոնի ծիսական և պատմական ուղին. «Հայագիտակ»

Խաչվերացը, որը ժողովուրդը նաև անվանում է Սրբխեչ, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է։ Այս տարի այն նշվում է սեպտեմբերի 14-ին։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Շամամյանը նշում է, որ տոնի արմատները գալիս են խորը հնությունից և կապված են աշնանային նավասարդի հետ։

Խաչի պատմությունը սերտորեն կապված է բյուզանդական կայսր Հերակլիոսի կողմից Տիրոջ Խաչափայտը պարսիկներից ազատագրելու հետ։ 614 թվականին պարսիկները հարձակվել էին Երուսաղեմի վրա, ավերել այն, գերեվարել Խաչը և տարել Պարսկաստան, որտեղ այն մնացել էր 14 տարի։

Հենց այնտեղ էլ Խաչը ցույց է տվել իր հրաշագործ և բուժիչ ուժը՝ ահաբեկելով պարսիկներին։ Ազատագրելուց հետո Հերակլիոսը ոտքով, աղոթելով, Խաչը վերադարձրեց Երուսաղեմ։ Ճանապարհին նա անցավ նաև Կարին քաղաքով, որտեղ հետագայում կառուցվեց Խաչավանքը։

Տոնի ծիսական կերակուրը թոնրի մեջ կախված ուլի խորովածն է, որի տակ դրվում է փլավը։ Այդ իսկ պատճառով տոնը նաև անվանվում է Ուլնոց։ Սա միակ տոնն էր, որը նախկինում նշվում էր գերեզմանոցում՝ առանց երգ ու պարի, կարծես թանկագին հանգուցյալներին նույնպես տոնին մասնակից դարձնելու համար։

Օրինակ, Մուսալեռցիները տոնական ծիսական ուլն ու փլավը եփում էին՝ բարձրանալով սարը։ Մեր օրերում տոնի ծիսական մասը փոխակերպվել է, և մարդիկ զոհաբերում են ով ինչ կարող է՝ գառ, աղավնի, աքաղաղ և այլն` կախված իրենց հնարավորություններից։

Կարդացեք նաև

Back to top button