
Ֆորմալ թվաբանությունը մի բան է, բնականոն իրականությունը՝ մեկ այլ. ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտպանական ծախսերի կրճատման մասին մտահոգություններին։
Նա վստահեցրել է, որ միջնաժամկետ ծրագրով 2026 թվականի պաշտպանական ծախսերը 2024–ի համեմատ բնականոն աճ ունեն ։ Հարցուպատասխանին անդրադարձ է եղել նաև վաշինգտոնյան համաձայնություններին և դրանց շուրջ առաջիկա քննարկումներին։
Վաշինգտոնյան համաձայնությունների շուրջ հայ–ամերիկյան բանակցությունները դեռ չեն մեկնարկել, բայց ծրագրված են՝ ԱԺ–ում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հստակացնելով, որ ամերիկյան կողմի հետ շփումներն առաջիկայում ավելի ինտենսիվ կդառնան։ Նախարարը փոքր–ինչ բացել է քննարկման ենթակա հարցերի շրջանակը։
«Ասել ենք, որ ոչինչ համաձայնեցված չէ, բացի նրանից, ինչ գրված և հրապարակված է։ Հետևաբար բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որ պիտի դեռ բանակցվեն։ Մեր շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացը և հնարավորինս արագ հասնել ապաշրջափակման, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է երկու կողմից 30 պլյուս տարիներ եղել շրջափակման մեջ։ Հիմա մենք ենք հնարավորություններ ստանում, հետևաբար վայրկյան առաջ մենք անելու ենք այնպես, որ ստորագրած սկզբունքների ներքո տարածքային ամբողջականություն և սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն։ Թվում է մի կողմից, որ ավելորդ է ամեն անգամ այս ամեն ինչը ասել, բայց տեսնում ենք, որ մանիպուլյացիաներն էլ չեն դադարում, հետևաբար՝ իմաստ ունի։ Այո, աշխատում ենք ամերիկյան կողմի հետ, ադրբեջանական կողմի հետ նույնպես աշխատում ենք։ Սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինեն»։

Հայաստանի արտգործնախարարը շահարկումներից խուսափելու համար հստակեցնում է՝ խաղաղության հարցում կողմերը դեռ ճանապարհի սկզբին են։
«Խաղաղությունը խնամք է պահանջում, խաղաղությունը զգուշություն է պահանջում յուրաքանչյուր արտաբերվելիք բառի տեսանկյունից։ Նույնիսկ առաջ անցնելով ասեմ, որ եթե առաջիկայում ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջությամբ հաստատված է։ Շատ պարզունակացնելով` մենք նկատի ունենք, որ այս պահին կողմերը իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը մինիմալ է, զրոյին է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն։ Մնո՞ւմ են խնդիրներ․ բազմաթիվ։ Առաջինը գերիների հարցը։ Ցավոք, չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում։ Եթե երկու երկիր անկեղծորեն ասում են` խաղաղություն եք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել։ Բայց նաև պարտքս եմ համարում ասել, որ ինչպես և նախկինում, այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են հումանիտար հարցերը և հենց առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցը, պատանդառված անձանց ազատ արձակման հարցը, անհայտ կորած մարդկանց ճակատագրերի պարզաբանման հարցը։ Հավատացնում եմ ձեզ, այդ աշխատանքները հենց այսօր էլ շարունակվում են և իհարկե, վաղն էլ չեն դադարելու»։
ՀՀ վարչապետի մեկնաբանությունները նախ վաշինգտոնյան պայմանավորվածությունների, ապա հաջորդ տարվա բյուջեի ձևավորման վերաբերյալ ներքաղաքական դաշտում առաջացրել են նոր մտահոգություններ պաշտպանական ծախսերի կրճատման կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանի պարզաբանումը խորհրդարանում հետևյալն է․
«25 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և այդ կտրուկ աճը մեծ մասամբ պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտությունների հետ։ Մենք որոշել ենք ուղղակի, որ պարտքի այն կտորները, որ պետք է մեկ, երկու, երեք չորս, հինգ տարում փակեինք ապագա որևէ մի փուլում, հիմա կոնսոլիդացրել ենք, ֆինանսական հնարավորություն ենք տեսել, և այդ պարտքը հիմա ենք փակել։ Այդ պարտքի կտորը եթե ուղղակի հանենք և վերցնենք թվերը, սրանից դուրս մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել էինք և, գուցե, մի փոքր էլ ավելի»։
Այս թեմայի շուրջ վարչապետը պատրաստ է հավելյալ տեղեկություններ տալ խորհրդարանականներին դռնփակ ձևաչափով, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա։ Բայց արդեն ներկայացված փաստարկներից ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը եզրակացնում է․
«Փաստորեն մենք հստակ կարող ենք ֆիքսել, որ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները պաշտպանության և անվտանգության ոլորտում ի կատար են ածվում, որևէ բան չի կրճատվում, որևէ ծրագիր հետ չի մնում, որևէ տեմպ չի դանդաղում և ամեն ինչը գնում է պլանի և ծրագրերի համապատասխան»։
Հայաստանի անկախության օրվան ընդառաջ Հայաստանի վարչապետն արձանագրում է նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանելի արդյունքները։
«Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ և արձագանքներ շատ տեսանելի են ցույց տալիս իմ ասած տեսության պրակտիկ իրականացումը, որովհետև երբեմն որոշակի դիսոնանս կա քաղաքական, և նույնիսկ շատ վերլուծաբաններ չեն կարողանում արձանագրել, կամ չեն կարողանում բացատրել, կամ չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ–ի, Չինաստանի հետ և պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ և այլն, և այդպես շարունակ։ Ես չեմ մեղադրում գործընկերներին, այն մարդկանց, ովքեր չեն մարսում այս իրողությունը։ Հենց սա կապված է մտածողության բանաձևի և հարթությունների հետ»։
Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը սկսել է արդյունքներ տալ․ և Հայաստանն է ավելի հասկանալի դարձել աշխարհին , և Հայաստանին են սկսել ավելի լավ հասկանալ գլոբալ աշխարհում։




