
Եվ կրկին Վիլյամ Սարոյան: Այս անգամ Հանրային ռադիոյի ձայնային պահոցից ձեզ կներկայացնենք 1976 թվականի մի հրաշալի ձայնագրություն՝ արված Հայաստանի գրողների միության դահլիճում, որտեղ Սարոյանը հանդիպում էր հասարակայնության հետ:
Ներսում ասեղ գցելու տեղ չկար, իսկ դրսում հավաքված մարդկանց հոծ խմբերը սրտնեղում էին՝ դահլիճ մտնել չկարողանալու և Սարոյանի կենդանի ներկայությունը և խոսքը վայելել չկարողանալու համար:
Վարդգես Պետրոսյանը՝ Գրողների միության վարչության քարտուղարը, բացում է հանդիսությունը, և հայ ժողովրդի սքանչելի զավակ Վիլյամ Սարոյանը, դահլիճի խնդրանքով, պատմում է 1964 թվականին Բիթլիս կատարած իր այցի մասին, ապա խոստովանում է, թե ինչ արժեք ունի հայ լինելն իր համար:
Դահլիճի հարցին՝ արդյո՞ք, կարդացել է իր գործերի հայերեն թարգմանությունները և ի՞նչ տպավորություն ունի դրանց որակի մասին, տալիս է մի շատ հետաքրքիր պատասխան:
Պատմում է նաև իր զավակների՝ որդու և գեղեցկուհի աղջկա մասին, որ համառորեն չի ուզում ամուսնանալ, որ ունի գրելու հրաշալի ձիրք, բայց, ցավոք, չունի փափագ գրելու: Իսկ երբ հանդիսականներից մեկը հարցնում է, թե ի՞նչ երգ էր սիրում երգել մայրը, անսպասելի սկսում է երգել՝ շփոթելով երգի բառերը:
Սարոյանը պատմում է 1935-ին, Մոսկվայում Չարենցի հետ իր անմոռանալի հանդիպան մասին: Նա հիշում է իր համար այդ պատմական օրը և ասում, որ մի վայրի ուժ է զգացել Եղիշե Չարենցի մեջ: Պատմում է նաև իր լավ բարեկամ Չարլի Չապլինի մասին:
Բայց իր կյանքի ամենահետաքրքիր և կարևոր հանդիպման մասին Սարոյանը թողել էր վերջում պատմելու։ Դա 13 տարեկան պատանու և Զորավար Անդրանիկի հանդիպումն էր:
Գրողների միության դահլիճից Սարոյանին հարց է ուղղել նաև Սիլվա Կապուտիկյանը և ստացել մի շատ խորունկ պատասխան, որ նույնպես արձանագրված է ժապավենի վրա:

Դեպի Հայաստան 1976 թվականի այս ճամփորդությունից 2 տարի անց Վիլյամ Սարոյանը կրկին այստեղ էր: Դա նրա վերջին այցն էր: 1981թ. մայիսին, Ֆրեզնոյում, նա հեռացավ այս պայմանական կյանքից՝ մնալով հավերժ կենդանի իր փառահեղ գրականությամբ:
Հայաստանի ռադիոյի ձայնադարանում պահպանված է մեծ մտավորական՝ աստղագետ, գրող, Սարոյանի լավ բարեկամ Գրիգոր Գուրզադյանի խոսքը փառահեղ գրողի մահվան կապակցությամբ:
Գ. Գուրզադյանը հիշում է Սարոյանի իմաստուն խոսքը՝ «Կրնայ ըլլալ, որ ա՛յս օրը մեր կեանքի ամենալաւ օրն է» և ասում, որ այն մի խորիմաստ ուղեցույց կարող է լինել մարդկության համար:
Վերջում, անհուն տիեզերքի գաղտնիքներն իմացող մեծ աստղագետն ասում է՝ Սարոյանի մահով սկիզբ դրվեց նրա անմահությանը:




