Հայագիտակ

Գաբրիել Սունդուկյանի կյանքի ճանապարհը՝ ճորտությունից մինչև դրամատուրգիա․ «Հայագիտակ»

Այս տարի լրանում է հայ անվանի դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի 200-ամյա հոբելյանը։ Քչերը գիտեն, որ Սունդուկյանի ամբողջ տոհմը ճորտ է եղել։ Միայն նրա մոր ջանքերի և դատական երկար պայքարի շնորհիվ, 600 հոլանդական ոսկի վճարելով, ընտանիքն ազատություն է ձեռք բերել, որի արդյունքում Սունդուկյանը կարողացել է հիանալի կրթություն ստանալ։

Ըստ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Նաիրա Շահվալադյանի՝ Սունդուկյանը տիրապետել է մի քանի լեզվի։ Ռուսաստանում ստացած կրթության շնորհիվ նա ծանոթացել է եվրոպական և ռուսական մշակույթներին, հատկապես թատրոնին։

Վերադառնալով հայրենի Թիֆլիս՝ զուգահեռաբար դասավանդելով Ներսիսյան դպրոցում, փորձել է զարգացնել արվեստի այդ ճյուղը։

Սակայն, նրա առաջադիմական մտքերը դուր չեն եկել իշխանություններին, և նրան աքսորել են Դերբենդ։ Այստեղ նրա նախագծով կառուցվել են հայկական եկեղեցի և քաղաքային ժամացույց։

Հինգ տարի անց նա ազատվել է աքսորից և վերադարձել Թիֆլիս։ Չնայած նրան, որ աշխատել է փոխարքայի գրասենյակում, երբեք չի շփվել բաձրաշխարհիկ դասի հետ։ Փոխարենը, Պեպոյի կերպարը ստեղծելու համար, իր տուն է հրավիրել կինտոներին, զրուցել նրանց հետ, ուսումնասիրել նրանց կյանքը։

Կարդացեք նաև

Back to top button