
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «վերջին նախազգուշացումից» հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և «բոլոր պատանդներին» ազատ արձակելու համար:
Կիրակի երեկոյան՝ սեպտեմբերի 7-ին, տարածված հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ նախկինում միջնորդների միջոցով ստացել է «ամերիկյան կողմից հրադադարի հասնելուն ուղղված որոշ գաղափարներ»:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերի վերցված իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց արմատական իսլամիստական շարժումը պահանջում է, որ Իսրայելը «հստակ հայտարարություն անի պատերազմը դադարեցնելու, զորքերը Գազայի հատվածից ամբողջությամբ դուրս բերելու և Գազայի հատվածը կառավարելու համար անկախ պաղեստինցիների կոմիտե ստեղծելու մասին»:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Իսրայելն ընդունել է իր առաջարկած գործարքի պայմանները, և ՀԱՄԱՍ-ը նույնպես պետք է համաձայնվի դրանց հետ:
«Ես ՀԱՄԱՍ-ին զգուշացրել եմ հրաժարվելու հետևանքների մասին: Սա իմ վերջին նախազգուշացումն է, այլ նախազգուշացում չի լինի»,- ընդգծել է Թրամփը:
Վերջին օրերին Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունը Գազա քաղաքում՝ «Գիդեոնի կառքեր II» գործողության շրջանակներում գրավելով ՀԱՄԱՍ-ի հենակետերը:
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Գազայի հարավային հատվածում գտնվող Խան Յունիսում «մարդասիրական գոտի» ստեղծելու և Գազա քաղաքի բոլոր բնակիչներին այնտեղ տեղափոխվելու մասին:




