
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի չորս ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։


Եվրոպական ուսանողական միությունը (European Students’ Union, ESU) եվրոպական բարձրագույն կրթության ոլորտում գործող խոշոր ուսանողական կազմակերպություն է, որը ներկայացնում է 40-ից ավելի երկրի ազգային ուսանողական միություններ՝ ավելի քան 20 միլիոն ուսանողների անունից։ Կառույցը կարևոր դեր ունի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում՝ ընդգծելով ուսանողների մասնակցության և ձայնի կարևորությունը։
Առաջին անգամ է, որ Հայաստանը միանգամից չորս ուսանողով է ներկայանում այս հեղինակավոր հարթակում։
Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։ ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։




