
Պորտուգալիայի մայրաքաղաքում «Գլորիա» ֆունիկուլյորի վագոններից մեկը չորեքշաբթի երեկոյան դուրս է եկել գծերից։ CNN Portugal-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 18-ը՝ վիրավորվել։
Զոհերի մարմինները դուրս են բերվել փլատակներից։ Զոհվածների և վիրավորների ինքնությունը դեռ պարզված չէ, բայց հայտնի է, որ նրանց թվում կան օտարերկրացիներ։

SIC հեռուստաալիքին ականատեսներից մեկը հայտնել է, որ ֆունիկուլյորի վագոնը, գծից դուրս գալով, «հրեշավոր ուժով» բախվել է մոտակա շենքին։
Լիսաբոնի քաղաքային խորհուրդը սեպտեմբերի 4-ից եռօրյա սուգ է հայտարարել ։ «Մեր քաղաքը երբեք նման ողբերգություն չի տեսել», — ասել է քաղաքի քաղաքապետ Կառլոս Մուեդասը։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը կարող էր լինել քարշակման մալուխը, որը պոկվել կամ թուլացել է։ Լիսաբոնի հասարակական տրանսպորտի օպերատոր «Կարիսը» հայտարարել է, որ վթարի ենթարկված վագոնը սպասարկվել է ժամանակին՝ հավելելով, որ արդեն սկսվել է հետաքննություն և այն կիրականացվի իրավապահ մարմինների հետ համատեղ։
«Գլորիա» ֆունիկուլյորը կապում է Լիսաբոնի Բայշայի կենտրոնական շրջանը բլրի վրա գտնվող Բայրո Ալտո շրջանի հետ: Այն Լիսաբոնի ամենահայտնի ֆունիկուլյորն է, պատկերված է հուշանվերների վրա: «Գլորիան» շահագործման է հանձնվել 1885 թվականին, էլեկտրաֆիկացվել է 1915 թվականին և խոշոր վերանորոգման է ենթարկվում յուրաքանչյուր չորս տարին մեկ:




