
Տնտեսական կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են համախառն ներքին արդյունքի ձևավորման վրա։ Այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ–ն աճել է մոտ 6 տոկոսով։ Նախորդ տարեվերջի նկատմամբ այն ավելացել է 1 տոկոսով։ Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով 2025թ․ երկրորդ եռամսյակում ավելի քան 2 տրլն դրամ է։ Փորձագիտական դաշտում դա պայմանավորում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Մասնագետները նաև նկատում են՝ Հայաստանում համախառն ներքին արդյունքը ներառական չէ։ Ասվածի հիմքում վիճակագրական տվյալներն են։
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ այս տարվա երկրորդ եռամսյակում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 750 հազ. 873 դրամի համեմատ։ Վիճակագրական թվերի հետևում տնտեսական զարգացումներն են։ ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ռադիոլուրին» պարզաբանում է՝ ՀՆԱ–ն տվյալ երկրում նոր ստեղված արժեքն է՝ մեկ տարվա կտրվածքով․
«Տնտեսական աճին համարժեք է։ Սա փաստում են միջազգային կառույցները, ԿԲ-ն ու կառավարությունը տնտեսական աճ են թիրախավորել, բայց սա մի փոքր ավելի է այդ թիրախից»։
Տնտեսագետները կարևորում են հատկապես այն, թե ինչպես է ձևավորվել ՀՆԱ-ն։ Մասնագիտական բնութագրմամբ՝ արդյո՞ք այն ներառական է, թե ոչ, արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները մասնակցել են ՀՆԱ-ի ձևավորմանը։ Սոս Խաչիկյանը նշում է՝ կոնկրետ Հայաստանում ՀՆԱ-ն այնքան էլ ներառական չէ, այն քիչ տնտեսվարողների մոտ է ձևավորվում։ Ասվածը վիճակագրական տվյալներով է հիմնավորում մասնագետը․
«Հայաստանում 90․000-ից ավելի գրանցված տնտեսվարողներ կան, բայց նրանցից միայն մոտ 1000–ն են, որ ստեղծում են ամբողջ ներքին արտադրանքի արժեքի 70%-ից 80%-ը։ Սա արդեն վտանգավոր թիվ է, այսինքն, ներառականությունը բնակչության տեսանկյունից մեծ չէ։ Այս առումով բնակչությունը թույլ կզգա իր վրա տնտեսական աճի ազդեցությունը։ Բայց, եթե պետությունը կարողանա վերաբաշխման ֆունկցիաների միջոցով իր ֆինանսական և դրամավարկային քաղաքականության միջոցով, սոցիալական քաղաքականության, բիզնեսին աջակցության շրջանակում իրականացնել վերաբաշխումներ, իրավիճակը կփոխվի»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ հարկային եկամուտների անվանական մակարդակը կամ եկամուտների բացարձակ թիվը ոչինչ չի նշանակում․
«Մենք այն դիտարկում ենք մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջական արժեքի՝ համախառն ներքին արդյունքի հետ, ինչպես նաև այն համեմատում ենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ»։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը նկատում է՝ վերջին տարիներին ՀՆԱ-ի աճի հիմնական շարժիչ ուժը առևտուրն ու ծառայություններն են, բայց այլ ոլորտներ նույնպես նպաստել են աճին․
«Բարձր են եղել նաև գյուղատնտեսության և մշակող արդյունաբերության ճյուղերի տեսակարար կշիռները, որոնք որոշ չափով ևս նպաստել են ՀՆԱ-ի ընդհանուր ծավալների աճին»։
Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.5%: Սոս Խաչիկյանն ընդգծում է․
«Շինարարությունը ու գյուղատնտեսությունը մեծ տեսակարար կշիռ ունեն։ Կարծում եմ, որ նաև սեզոնային գործոններով են պայմանվորված»։
Փորձագիտական դաշտում համակարծիք են՝ վերջին տարիներին Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձևավորմանը նպաստել են նաև արտաքին գործոնները։




