Էկոսֆերա

Սևանը ծաղկե՞ց, թե՞ չծաղկեց այս տարի. մասնագետները համակարծիք չեն․ «Էկոսֆերա»

Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն իր էջում ահազանգել է, որ Սևանա լիճը կրկին «ծաղկել» է՝ կից հրապարակելով նկար՝ «Սևանա լճի վիճակն է 30.08.2025 թվականի դրությամբ» գրառմամբ:

«Մեր գեղեցկուհուն շարունակում են գերշահագործել, աղտոտել բոլոր հնարավոր ձևերով, միջազգային ծրագրերով խոշոր գումարներ վատնել Սևանի փրկության ծրագրերի անվան տակ, իսկ ամենավատ օրերը դեռ առջևում են… Սևանա լիճը նորից «ծաղկել» է, իսկ ինչո՞վ են զբաղված պատասխանատուները»,— գրել է նա:

Այսեր Ղազարյանի գրառմանն արձագանքել է ՀՀ ՇՄՆ-ը՝ ընդգծելով, որ Սևանա լճի կանաչման («ծաղկման») պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա:

Օգոստոսի 27-29-ը հերթական անգամ Սևանա լճում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ: Դաշտային հետազոտությունների ժամանակահատվածում Սևանա լճում «ծաղկման» ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել: Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից: Օգոստոս ամսվա ջրի որակի լաբորատոր փորձարկումները դեռևս շարունակվում են, տվյալներն ամբողջական լինելու դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը մանրամասնում է, թե որքանո՞վ է «ծաղկել» Սևանա լիճը, խոսում ուսումնասիրությունների և խնդիրների մասին:

«Հուլիսի կեսերին լիճը մաքուր է եղել՝ կանաչ ջրիմուռների գերակայությամբ, ցիանոբակտերիաները շատ քիչ են եղել: Սա կարող եմ ասել: Օգոստոսին դիտարկում չեմ արել, ոչինչ չեմ կարող ասել: Հուլիսին նորմալ է եղել, այո, կանաչ ջրիմուռներն են գերակա եղել, որոնք թունավոր չեն: Այնուամենայնիվ, սա բնորոշում է որոշակի աղտոտված պայմանների առկայության մասին, տարբեր հատվածներում օրգանական նյութերը շատ են, աղտոտվածությունը շատ է, որովհետև «ծաղկումներ» են դիտարկում, բայց այդ տեսակը թունավոր չէ»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված թունավոր՝ կապտականաչ ջրիմուռների նահանջը լճում, մասնագետը պատասխանում է. «Թունավոր «ծաղկման» նվազումը ստույգ ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրել, որ վերջին մոնիթորինգի նիշով 10 սանտիմետրով լճի մակարդակը նորից իջել է՝ համեմատ անցյալ տարվա: Նորից գնում է ջրի մակարդակի տատանում: Ես կարծում եմ, որ այս անկայունությունը կարող է բերել լճի «ծաղկման»»:

Կարդացեք նաև

Back to top button