ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խրախուսել էլեկտրամոբիլների լիցքավորումը առանց քաշքշուկների

Օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ մարդկանց կյանքը թեթևացնելու համար։ ԱԺ պատգամավորներն առաջարկում են էլեկտրամոբլիների լիցքավորման համար բաժանորդներին ազատել քաշքշուկներից։

Լիցքավորման ծառայությունը աշխարհի ոչ մի երկրում չի համարվում հոսանքի վաճառք։ Այն ծառայության մատուցում է՝ հստակեցրել են առաջարկի հեղինակները ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Վերջին տարիներին էլեկտրամոբիլների թիվը Հայաստանում կտրուկ ավելացել է։ Էլեկտրական շարժիչով մեքենաներ ներկրելիս քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ազատվում են սահմանին գանձվող ԱԱՀ–ից։ Բայց էլեկտրամոբիլի շահագործումը նաև լիցքավորում է ենթադրում։ Գործող օրենսդրությամբ՝ սեփական բնակարանից լիցքավորելու թույլտվություն ստանալը բարդ գործընթաց է, որը փորձում են հեշտացնել օրենսդրական փոփոխության հեղինակները։ Ծովինար Վարդանյանն այսպես է հիմնավորում իրենց առաջարկը․

«Հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ, մասնավորապես, երբ քաղաքացին ունի էլեկտրամոբիլ և իր, ենթադրենք, ավտոտնակում ցանկանում է տեղադրել կայան, լիցքավորման անհրաժեշտություն է առաջանում։ Պետք է գնա Հայաստանի էլեկտրական ցանցեր, նորից դիմում ներկայացնի, որպես առանձին բաժանորդ գրանցվի, վճարի  սպասարկման վճարը, դառնա առանձին բաժանորդ»։ 

Սա ծախսատար ու ժամանակատար է, անհրաժեշտությունը հաճախ բացակայում է, քանի որ հիմնականում բաժանորդների հոսանքի հզորությունը բավարար է բնարականի  ու էլեկտրամոբիլի լիցքավորման համար։ Առաջարկվում է հեշտացնել գործընթացը։ Եթե տեխնիկապես հնարավոր է, ապա քաղաքացին կարող է նոր բաժանորդ չդառնալ։ Բայց առաջին հայացքից հեշտ թվացող առաջարկը ռիսկեր է պարունակում։ Դրանցից մեկը առանձնացնում է ՔՊ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը․

«Ես իմ ավտոտնակում հարմարությունը ստեղծել եմ, վաճառում եմ, և այն ծավալով եմ վաճառում, որ դուք` որպես բնակիչ,  չեք կարողանում օգտվել, որովհետև իմ մոտ ծանրաբեռնված է այդ գիծը։ Վերջապես հզորության մի մակարդակ կա, որից ավելի չի կարող, չէ՞  ենթակայանը դիմանալ»։

ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանն ընդգծում է՝ նախ պետք է տարանջարտել՝ բնակչի կողմի՞ց է մատուցվում ծառայությունը։ Եթե բնակիչը նաև տնտեսական գործունեությամբ պետք է զբաղվի, ապա պետք է առանձին բաժանորդ դառնա․

«Ես ընդամենը, որպես բնակիչ, որը ունի ընդհանուր առմամբ  հզորության սահմանաչափում, սպառիչների հզորությունը տեղավորելու պարտավորություն, կարող եմ դա անել և գիշերային ժամերին, դիցուկ, երբ իմբնակարանում սպառիչները  անջատված են, ես կկարողանամ, եթե  բավարարում եմ բոլոր նորմատիվային և այլ կարգավորումներին, եթե  բավարարում եմ, կկարողանամ, այո, էդ իմ սպառման համակարգից իջեցնել, իմ ավտոտնակում տեղադրել այդ սարքը»։

 «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն այլ խնդիր է առաջ քաշում՝ անվտանգային բաղադրիչը։ Խնդիրը սուր է հատկապես բազմաբնակարան շենքերում․

«Սարդոստայնը, որ կա՝ մալուխները, խառը իջնում են դեպի ավտոտնակներ, առաջացնում են անվտանգային խնդիրներ։ Եթե մասնագետներին հարցնեք, կասեն՝ այդ լարերը՝  30մ, 60 մ արևի տակ, ամենատարբեր ձևով պոկվում ու ընկնում են։ Այդ բակում խաղում են երեխաներ, մարդիկ քայլում են, մեքենա են վարում»։ ։

Այո, այդ խնդիրը կա՝ ասում է օրենսդրական առաջարկի համահեղինակներից Ծովինար Վարդանյանը։ Սակայն հստակեցնում է, որ այդ հարցն այս օրենքի կարգավորման դաշտում չէ։

Կարդացեք նաև

Back to top button