
Արմատներով Թուրքիայից, Դամասկոսում ծնված վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցը մանկուց աչքի է ընկել համարձակությամբ ու նպատակասլացությամբ։ Չնայած ֆինանսական դժվարություններին՝ նա վճռել էր դառնալ նկարիչ։
Լավ կրթություն ստանալուց հետո մեկնեց Փարիզ, որտեղ էլ հանդիպեց իր ապագա ուսուցչին, ամուսնուն և կյանքի ուղեկցին՝ Հարություն Կալենցին։ Հարություն Կալենցի վաղաժամ մահից հետո Արմինեն ապրեց ևս երեսուն տարի։ Իր հուշերի գրքում նա մանրամասն նկարագրել է այն դժվարությունները, որոնց բախվեցին Հայաստան վերադառնալուց հետո։



Հարություն Կալենցը հեռացվել էր նկարիչների միությունից և, գրեթե, աշխատանք չուներ։ Նրա միակ եկամուտը Լենինգրադում նշանավոր մարդկանց տանը կազմակերպվող ցուցահանդեսներից ստացված գումարն էր։ Արմինե Կալենցը, չնայած դժվարություններին, մերվեց խորհրդահայ իրականությանը։


Նրա նկարները հայտնի են իրենց վառ գույներով և կենսախինդ մթնոլորտով։ Նա հաճախ էր պատկերում հայկական բնությունը և երեխաներին, նրա կտավներում զգացվում է նաև եղեռնի արձագանքը։ Կալենցի ստեղծագործություններից առանձնահատուկ է «Ռեքվիեմը», որը նվիրված է իր ամուսնու հիշատակին։




