ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության փոխանցումը (առուվաճառքը) հնարավոր կլինի իրականացնել նաև առցանց

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել
ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։


Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։

Քաղաքացիները հնարավորություն կունենան՝

  • խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում,
  • խուսափել ժամեր ձգվող հերթերից,
  • նվազեցնել ֆինանսական ծախսերը,
  • ամբողջությամբ բացառել թղթաբանությունը:

Առցանց տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ վաճառելու համար՝

  • գործարքը պետք է սկսի վաճառողը,
  • վաճառվող տրանսպորտային միջոցը կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ,
  • գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական՝ գործարքն իրականացնելու համար,
  • և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Գործարքի առանձնահատկությունները՝

  • Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական,
  • տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը տրանսպորտային միջոցը պարզապես հանձնում է գնորդին,
  • գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:

    Սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական իրավունքի վկայականի ու հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Թվային փաստաթղթերը կարտացոլվեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում, և վերջինիս համար լրացուցիչ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։

Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):

Կարդացեք նաև

Back to top button