
Օգոստոսի 28-ի գիշերը Կիևում հրետակոծության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել է 18 մարդ։
Կիևի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային օդային հարվածի։ Դարնիցկի շրջանում վնասվել են 5 և 16 հարկանի բնակելի շենքեր, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վնասվել են նաև մասնավոր բնակելի տուն և մանկապարտեզ։
Կիևի մյուս շրջաններում կրակի տակ են հայտնվել նաև 25 հարկանի բնակելի մի շենք, մի քանի գրասենյակային շենքեր և մասնավոր բնակելի տուն։
Գիշերը Կիևում հայտարարվել է օդային հարձակման տագնապ, և հրետակոծությունները շարունակվել են ամբողջ գիշեր։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի, թևավոր և բալիստիկ հրթիռների հարձակման։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այս գիշեր խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին տվյալներ։
Նշվում է, որ ամենամեծ թվով անօդաչու թռչող սարքեր խոցվել են Սև ծովի վրա (22 միավոր) և Ռոստովի ու Սամարայի մարզերում (յուրաքանչյուրում 21 միավոր)։
Կրասնոդարի երկրամասում խոցվել է 18 անօդաչու թռչող սարք, Ղրիմում՝ 11, Վորոնեժի և Սարատովի մարզերի տարածքներում՝ 3-ական, Վոլգոգրադի մարզում երկու և Ազովի ծովի վրա՝ մեկ ԱԹՍ։




