Էկոսֆերա

Գյումրիի ՀԷԿ-ը կանգ է առել․ «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ն ու «Վեոլիա Ջուր»-ը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում․ «Էկոսֆերա»

Գյումրիում գործող «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ն Հանրային ռադիոյին ահազանգել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, շրջանցիկ ջրագծեր անցկացնելով, ջրազրկել է իրենց կողմից դեռևս 1993 թ-ին Զույգաղբյուր–Գյումրի ջրագծի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը։ Ընկերությունը զրկվել է գործելու հնարավորությունից։

Հանրային ռադիոյի հետ զրույցում ընկերության տնօրեն Գուրգեն Ավետիսյանը նշել է, որ հունվարի 1-ից աշխատակիցները գործազուրկ են, իսկ ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս։

Ինչո՞ւ է կանգնել ՀԷԿ-ի աշխատանքը. մանրամասները ներկայացնում է Գուրգեն Ավետիսյանը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունից Հանրային ռադիոն պարզաբանում է ստացել, համաձայն որի՝ խնդրո առարկա հիդրոէլեկտրակայանը ջրազրկելու միտում ընկերությունը երբևէ չի ունեցել։

Ընկերության պարզաբանման մեջ ասվում է․
«Բազմիցս հստակեցվել է, որ «Զույգաղբյուր» ջրատարից 2024–25 թթ․ ընթացքում վերցվել է 470 լ/վրկ ջուր, որից «Հովունու» օրվա կարգավորման ջրամբար է լցվել 160 լ/վրկ։ Ներկայումս, մի քանի ջրագծերի անջատման հետևանքով, աղբյուրից վերցվող ջրի քանակը կազմում է 430 լ/վրկ, իսկ «Հովունու» ջրամբար լցվողը՝ շուրջ 110 լ/վրկ։ Սակայն, հաշվի առնելով սեզոնային տեղումները, այս թիվը կարող է տատանվել՝ ըստ սպառման։ Ցանցում կատարված տեխնիկական աշխատանքների շնորհիվ ընկերությունը հասել է այնպիսի լուծման, որը թույլ է տալիս ապահովել բաժանորդներին ջրամատակարարումով՝ գրաֆիկի համաձայն։ Ավել ջրաքանակ վերցնելու անհրաժեշտություն ընկերությունը չունի»։

Տեղեկացնենք նաև, որ գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կատարվող համակարգային նոր փոփոխությունները ևս հետագայում կհանգեցնեն «Հովունու»՝  օրվա կարգավորման ջրամբար լցվող ջրաքանակի էական նվազման։

Կարդացեք նաև

Back to top button