Սփյուռքի ձայնը

Սերը՝ որպես գլխավոր մեղեդի․ Իդա Աղախանյանի ստեղծագործական ուղին․ «Սփյուռքի ձայնը»

90-ականներին, երբ հայկական իրականությունը լի էր դժվարություններով, բեմում կային արվեստագետներ, որոնց երաժշտությունը լույս ու ջերմություն էր բերում։ Այդ ժամանակների ամենահիշվող դեմքերից էր Իդա Աղախանյանը՝ «Անիվներ»-ի և բազմաթիվ այլ հիթերի հեղինակ ու կատարող, ով Գրիշա Աղախանյանի հետ միասին դարձել էր այդ ժամանակաշրջանի խորհրդանիշ։ Սակայն փառքի գագաթնակետին նա կատարեց անսպասելի քայլ՝ թողնելով հայկական բեմը և ստեղծագործական նոր կյանք սկսելով օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում։

Ի՞նչն էր այդ որոշման պատճառը, և ինչպե՞ս է կերտվել նրա արվեստը երկու աշխարհների խաչմերուկում։

Ստեղծագործական քաղցը՝ որպես շարժիչ ուժ
Հայաստանում արդեն ճանաչված ու սիրված արտիստի համար Ամերիկա տեղափոխվելը կարող էր ռիսկային թվալ, սակայն Իդայի համար դա ստեղծագործական որոնումների բնական շարունակությունն էր։ Նա զգում էր, որ հայրենիքում իրեն սպառել է և նոր ոգեշնչման կարիք ունի։ «Ինձ համար արդեն քիչ էր դա, ես ուզում էի դրսից ինչ-որ նոր բան սովորել»,–խոստովանում է Իդան։ Այդ «նորը» բացեց դռներ դեպի երաժշտական մի աշխարհ, որի մասին շատերն էին երազում։ Նա հնարավորություն ունեցավ շփվելու համաշխարհային մեծությունների հետ, որոնց երաժշտությամբ մեծացել էր։ «Ես շատ, շատ ուրախ եմ, որ ծանոթացա երաժիշտների հետ, որոնց երազում էի հանդիպել՝ Սթիվի Ուանդեր, Քուինսի Ջոնս… Այդ ամենը ինձ ոգեշնչում էր»։

Երգահանի ծնունդը․ «Դու պիտի երգեր գրես»
Շատերը Իդային ճանաչում են որպես փայլուն կատարող, սակայն նրա ամենամեծ ուժը երգեր ստեղծելու տաղանդն է։ Հետաքրքիր է, որ այդ տաղանդը լայն ճանաչում ստացավ Արթուր Գրիգորյանի շնորհիվ, ով պատահաբար լսեց երիտասարդ Իդայի ստեղծագործությունը Ջազ քոլեջի դասարաններից մեկում։ «Փակվել էի դասարանում, նվագում էի, ու դուռը բացեց հենց Արթուր Գրիգորյանը։ Ասաց՝ այս ի՞նչ էիր նվագում։ Ասացի՝ իմ երգն է։ Նա պնդեց՝ մի հատ էլ նվագիր, ու լսելուց հետո վճռական ասաց՝ դու պիտի երգեր գրես»։ Այս դրվագը դարձավ շրջադարձային։ Իդան սկսեց ավելի վստահ ներկայացնել իր երգերը։ Նրա կարծիքով, ստեղծագործողն ինքն է իր երգի լավագույն կատարողը, մի գաղափար, որը պաշտպանում էր նաև Արթուր Գրիգորյանը․ «Ասում էր՝ ես քո նման պինդ ձեռագիր հեղինակ-կատարող չեմ տեսել, դու ոչ մեկին չես տալիս երգերդ երգեն»։

Մանկավարժը․ հայկական երգը՝ ամերիկյան բեմում
Այսօր Իդա Աղախանյանը Լոս Անջելեսում ղեկավարում է իր սեփական «Ida Music Production» ջազային-էստրադային ստուդիան, որտեղ իր գիտելիքներն ու փորձն է փոխանցում նոր սերնդին։ Նրա մոտեցումը յուրահատուկ է․ նա չի սահմանափակվում ամերիկյան փոփ մշակույթով, այլ իր աշակերտներին, որոնց մեջ կան նաև օտարազգիներ, ծանոթացնում է հայկական երաժշտության գանձերին։ «Երիտասարդները լսում են Դուա Լիպա, Բիլի Այլիշ։ Ես իրենց հետ պայմանավորվել եմ՝ մեկ երգը ձեր սրտով, մյուս երգը՝ իմ։ Եվ մենք սովորում ենք Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Կոմիտաս…»։

Սերը՝ որպես ամենակարևոր երգ
Իր ստեղծագործական երկար ճանապարհին Իդան գրել է բազմաթիվ երգեր, սակայն նրա համար ամենանվիրականը մնում է առաջիններից մեկը՝ մի երգ, որի ուղերձն այսօր առավել քան արդիական է։ «Ամենակարևոր երգը, որ «Առանց սիրո»-ն է, այն է, որ սերը կփրկի աշխարհը, որովհետև այդ սերը պակասում է…»։ Եվ հենց այդ երգի տողերն են ամփոփում Իդա Աղախանյան արվեստագետի ողջ էությունը․

«Ես առանց սիրո էլ չեմ կարող ապրել,
Ախ, առանց սիրո, կյանքն ինչպե՞ս տանել…»

Այսօր էլ, լինելով բեմից հեռու, Իդա Աղախանյանը շարունակում է ապրել ու շնչել արվեստով՝ իր երգերի, նոր նախագծերի և ամենակարևորը՝ իր սաների միջոցով, որոնց սովորեցնում է ոչ միայն երգել, այլև սիրել երաժշտությունը՝ անկեղծ, խորը և առանց սահմանների։ Նա սիրով ու ջերմությամբ է հիշում հանդիպումները Էլվինա Մակարյանի, Էռնա Յուզբաշյանի, Արթուր Գրիգորյանի ու մյուս երաժիշտների հետ։ Այսօր նրա կապը Հայաստանի հետ նորից նոր փուլում է․ նախատեսում է տարբեր երաժշտական ծրագրեր ու նոր ալբոմներ ներկայացնել Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button