
«Գրեթե պատահական» ստեղծված խումբ․ «Քարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, ԼՂ հակամարտությանը նվիրված «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը մեկ արտահայտությամբ այսպես է բնորոշել ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը։ Գրքի հեղինակի ձևակերպմամբ՝ 1992-ի հունվարի 31-ին ԵԱՀԿ-ի՝ այն ժամանակ դեռ ԵԱՀԽ-ի՝ Պրահայում անցկացվող հանդիպումներից մեկը գրեթե ավարտվում էր, երբ բրիտանացի պատվիրակը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկու նոր անդամների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ է ընթանում եւ ընդգծեց, որ ԵԱՀԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել։
Վաալը գրում է․ «Որոշվեց տարածաշրջան առաքելություն ուղարկել` իրավիճակին տեղում ծանոթանալու: Կազմակերպության հաջորդ հանդիպմանը՝ մարտի 24-ին, որոշվեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ համաժողով հրավիրել, եւ Բելառուսի ներկայացուցիչն անսպասելի առաջարկեց այն կազմակերպել Մինսկում: Ոչ ոք չառարկեց: Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵԱՀԽ 9 անդամ-պետություններ համաձայնեցին մասնակցել այդ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի այսպես ասած «ընտրված» եւ «այլ» ներկայացուցիչների հետ համատեղ: Ձեւակերպումը ենթադրում էր ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների։ Այդպես էլ ծնվեց «Մինսկի համաժողովի» գաղափարը»։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման պատճառով Մինսկում նախանշված հանդիպումն այդպես էլ մնաց ցանկություն։ Մինսկի համաժողովը վերածվեց Մինսկի խմբի, առաջին համանախագահը դարձավ իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին, խմբի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Բելառուսի մայրաքաղաքում, այլ Հռոմում՝ 1992-ի հունիսի 1-5-ին։ 1994-ին խմբի համանախագահությունը փոխանցվեց շվեդ Յան Էլիասոնին։ Ռուս դիվանագետ Վլադիմիր Կազմիրովը, որ հետագայում դարձավ Մինսկի խմբի համանախագահ, հիշում է, որ այդ շրջանում գործընթացով «ամենից շատ հետաքրքրվում էր ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկան, իսկ դիվանագիտական թեժ պայքարն այն հարցի շուրջ էր, թե որ երկրները պետք է ընդգրկվեն Մինսկի խմբի կազմում»։
«Ակտիվ էին նաեւ թուրքերը, որոնք միանշանակ աջակցում էին Ադրբեջանին` անտեսելով Մինսկի խմբի անկողմնակալության սկզբունքը։ Բաքուն, իր հերթին, չէր ցանկանում խմբում տեսնել Ֆրանսիային եւ Իտալիային` միաժամանակ առաջարկելով Մեծ Բրիտանիայի թեկնածությունը»:
Երկարատև բանակցություններից հետո Մինսկի խմբում ընդգրկվեցին Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան, Չեխոսլովակիան, որին հետագայում փոխարինեց ֆինլանդիան։ Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ էր նաև ԵԱՀԿ Եռյակը՝ կազմված ԵԱՀԿ նախկին, ներկա և հաջորդ գործող նախագահներից։ 1990-ականներին, որպես հակամարտության երրորդ կողմ բանակցություններին մասնակցում էին նաև Արցախի ներկայացուցիչները։ Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր՝ ԼՂ հակամարտությանը նվիրված «Կանաչ և սև» գրքում մեջբերում է Մինսկի խմբի առաջին նախախագահողի խոսքերը․
«Մենք չենք կարող ձեզ հրավիրել ուրիշ պետությունների նման։ Փաստը, որ ես հիմա հանդիպում եմ ընտրված ներկայացուցիչների հետ, արդեն իսկ նշանակում է, որ ես ճանաչում եմ նրանց, բայց սա ինքնաբերաբար չի նշանակում, որ ձեզ միջազգային կարգավիճակ եմ տալիս։ Դուք կհրավիրվեք որպես շահագրգիռ կողմ։ Լիագումար նիստ կլինի խորհրդաժողովի բացման և փակման ժամանակ։ Դուք կկարողանաք առաջարկներ անել նախագահողի միջոցով։ Դուք կարող եք նստել իմ կողքին»։

ԼՂ նախկին ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը նույն գրքում պատմում է՝ 1992-94 թվականներին Մինսկի խմբի աշխատանքները կախված էին ռազմաճակատի հաջողություններից․
«1992 թվականին, երբ մենք տանուլ էինք տալիս պատերազմում, կորցնում տարածքներ, մեզ հետ ավելի քիչ էին հաշվի նստում։ 1993 թվականին, երբ ռազմի դաշտում նախաձեռնությունը մեր կողմն էր, ստեղծվում էր անվտանգության գոտին, Ադրբեջանը գնում էր երկկողմ բանակցությունների։ Ռազմական ու բանակցային գործընթացները զուգահեռ գործընթացներ էին, բայց մեկն ուներ իր ազդեցությունը մյուսի վրա»։
1994-ի մայիսից ԼՂ-ում հաստատված անժամկետ հրադադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը մտավ համեմատաբար ավելի պրակտիկ փուլ։ Հատկանշական է, որ մանդատով օժտված էին համանախագահները, սակայն ոչ Մինսկի խումբը՝ որպես ԵԱՀԿ ինստիտուտ: Վլադիմիր Կազիմիրովն իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում գրում է.
«Շատերը դիտարկում են Մինսկի խումբը որպես իրողություն՝ տեղյակ չլինելով, որ ԵԱՀԽ-ում որեւէ որոշում Մինսկի խմբի ստեղծման մասին չի եղել, եւ այն որեւէ մանդատ չունի… 1995թ. հաստատվել են համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատները, սակայն Մինսկի խումբը, որպես այդպիսին, մանդատ չունի: Խմբի մասին կարելի է խոսել միայն փոխաբերական իմաստով»:
Մինսկի խումբը սկզբում աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ։ Միջնորդները պատրաստում էին ամբողջական համապարփակ համաձայնագրի տարբերակ և այն քննարկում կողմերի հետ։ Չնայած Ադրբեջանի դժգոհություններին՝ 90-ականներին կողմերը 3-ն էին ՝ Երևան, Ստեփանակերտ, Բաքու։ Միջնորդների մշակած առաջին համաձայնագրի տարբերակը, որ հետո ստացավ փաթեթային անվանումը, ներկայացվեց 1997 թվականի ամռանը։ Այն բաղկացած էր 2 մասից և անդրադառնում էր բոլոր հարցերին՝ ԼՂ կարգավիճակից մինչև տարածքների վերադարձ, կոմունիկացիաների ապաշրջափակում ու խաղաղապահների տեղակայում։

Ըստ հակամարտության լուծման փաթեթային փաստաթղթի՝ Ղարաբաղի կարգավիճակը պիտի լիներ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարությամբ։ Արցախն այս տարբերակին չի համաձայնում։ 1997 թվականի ձմռանը խումբը ներկայացնում է հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր, որը ստանում է «փուլային լուծում» անունը։ Արցախի ներկայացուցիչները նորից դեմ էին։ 1998 թ․-ին միջնորդները ներկայացնում են տարբերակ, որը ենթադրում էր Ադրբեջանի և Ղարաբաղի միավորումը ընդհանուր պետության մեջ, որպես հավասար սուբյեկտներ։ Այս տարբերակը Ադրբեջանը հրաժարվում է քննարկել։
1999 թվականի գարնանը Վաշինգտոնում սկիզբ է դրվում Քոչարյան-Ալիև երկկողմ բանակցություններին։ 2 նախագահները մասնակցում էին ՆԱՏՕ-ի հիմնադրման 50- ամյակին նվիրված գագաթնաժողովին, ոչ պաշտոնական հանդիպում են ունենում ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օբրայթի հետ իր գրասենյակում։ «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս Դը Վաալը գրում է․
«Ինչ-որ պահի Օլբրայթը դուրս է գալիս՝ թողնելով Ալիևին և Քոչարյանին դեմառդեմ բանակցությունների։Այսպիսով, գրեթե պատահաբար սկսվում է նոր տեսակի երկխոսություն։ Ալիևը ու Քոչարյանը սկսում են հանդիպել դեմառդեմ՝ առանց Մինսկի խմբի եռանախագահության միջնորդության և առանց Ղարաբաղի ներկայացուցիչների»։
Ըստ մամուլի տվյալների՝ 2001 թ․-ին Միացյալ Նահանգները կազմակերպում է Քոչարյան-Ալիևը հանդիպումը Քի Վեսթում, որտեղ, ըստ որոշ փորձագետների, ենթադրվում է, որ քննարկվել է Արցախը Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու, փոխարենը Ադրբեջանին Մեղրին կամ Մեղրիով ճանապարհ տալու հարցը։ Այս բանակցությունները, սակայն, դարձյալ ավարտվում են առանց վերջնական համաձայնության, փոխարենը առաջին անգամ փաստացի արձանագրվում է հակամարտության երկկողմ ձևաչափը՝ առանց Ստեփանակերտի։ Քի Վեսթից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերանայում է իր մոտեցումները և սկսում է ոչ թե կոնկրետ փաստաթղթեր պատրաստել և ներկայացնե, այլ քննարկումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում միջնորդները Հայաստանին և Ադրբեջանին հանձնում են նոր աշխատանքային փաստաթուղթ, ոչ թե Համապարփակ կարգավորման համաձայնագիր, այլ 1 ու կես էջի վրա ներկայացված հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է լինեին համաձայնագրի հիմքում։ Ըստ դրանց՝ Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվեր ապագայում՝ հանրաքվեի միջոցով։

Ադրբեջանը հաճախ է կասկածի տակ դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների արդարությունը։ Մինսկի խմբի արդյունավետության վերաբերյալ քննադատությունը սկսվել է դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից և շարունակվել նրա որդու և իրավահաջորդի՝ Իլհամ Ալիևի օրոք։
2016 թվականին Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել բանակցային գործընթացից՝ հայտնելով, որ դրանց արդյունքում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած վերջին հանդիպումը 44-օրյա պատերազմի օրերին էր՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Ժնևում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ քննարկել էին կրակի դադարեցման և բանակցությունների սեղանին վերադառնալու, հումանիտար խնդիրները լուծելու հարցեր։

ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո դադարեց գործել 2022-ին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը և համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դադարեցին համագործակցել միմյանց հետ։ Խմբի դե յուրե լուծարման նպատակով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ դիմում ներկայացրին։ Դրա լուծարումը Ադրբեջանի նախապայմաններից մեկն էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ «Ադրբեջանը հասավ իր ուզածին, ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը», -օրերս հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Ալիևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջև հաստատված խաղաղության դեպքում Մինսկի խմբի ձևաչափը կորցնում է իր արդիականությունը և Հայաստանը դեմ չէ դրա լուծարմանը։




