Էկոսֆերա

Դեբեդ գետի աղտոտման գործով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ «Էկոսֆերա»

Դեբեդի աղտոտումը խիստ մտահոգիչ է։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացնում է, որ սեփական նախաձեռնությամբ փորձել է հայտնաբերել աղտոտման պատճառը, սակայն այս պահին հաստատված աղբյուր չկա։ Գյուղացիները չեն բացառում, որ կա քողարկված խողովակ, որով գետ են լցվում թափոններ։

Ավելի վաղ նա ահազանգել էր, որ գյուղատնտեսները տեսել են, որ գետի ջրերը չափազանց աղտոտված էին դարձել։ Այս պահին ջրերը քիչ թե շատ մաքրվել են, սակայն դեռ ոչ ամբողջությամբ։

Դուլգարյանն ասաց, որ տեսչական մարմինների աշխատակիցները դիտարկումներ, նմուշառումներ են կատարել ջրից ու հարակից տարածքներից, որոնք կենթարկվեն փորձաքննության։ Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն ևս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե․

«Օգոստոսի 16-ին, առավոտյան 07:30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ Դեպքի վայրում գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»։

Կարդացեք նաև

Back to top button