
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ վարչապետի՝ անցումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, երբ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարները ստորագրել են մի քանի կարևոր փաստաթուղթ։
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»։
«Նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում»
Փաշինյանն ասում է՝ մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, թե ինչ է նշանակում խաղաղություն, թե ինչպիսին է այն և ինչ տեսք ունի։ Դա անելու համար պետք է շատ բան փոխել․ նոր գինին հին տակառի մեջ չեն պահում՝ աստվածաշնչյան այլաբանությամբ բացատրում է վարչապետը։
«Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր դարձող մասնակից, ավելի անկախ, ավելի ինքնիշխան, ավելի ինքնավստահ մի պետություն․ ահա սա է այն նպատակը, որի համար ընկան մեր եղբայրներն ու քույրերը»։
Փաշինյանն այս նպատակն իրականացած է համարում և կենտրոնանում հիմնականում մոտեցումների ու վերաբերմունքի փոփոխության վրա։ Արդյո՞ք «հին տակառ» է նաև, օրինակ, ՀՀ սահմանադրությունը և կփոխվի՞ «նոր գինի»՝ խաղաղություն ունենալու համար, թե ոչ՝ վարչապետի ուղերձում չի հիշատակվում։
«30-ամյա շրջափակումից հետո Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է»
Վարչապետը խոսում է մեկ այլ փոփոխության՝ սահմանների բացման մասին ևս։ 30-ամյա ապաշրջափակումից հետո Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեքորեն բացատրում է, թե ինչպես է դա տեղի ունենալու՝ ասում է վարչապետը։
«Նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը։ Արդյո՞ք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում։ Միանշանակ ո՛չ, որովհետև արձանագրվել է փոխադարձության սկզբունքը, և սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված և փոխընդունելի լուծումներ»։
«Բա ի՞նչ եղան ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները»
Այդ լուծումները, ըստ վարչապետի, տեղավորվում են հռչակագրի մեկ այլ կետի տրամաբանության մեջ․ դրա համաձայն՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Գիտեմ, որ այս շեշտադրումը կարող է խորթ հնչել մեր ականջին, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ»։
Իսկ գերինե՞րը
«Խնամք պետք է տածել» նաև Բաքվի բանտերում գերության մեջ գտնվողների մասին՝ ամենաքննարկված թեմաներից մեկին Նիկոլ Փաշինյանը համաձայն է։ Ուղերձի մի դրվագ էլ վերաբերում է այս հարցի՝ խաղաղության պայմանագրում այդպես էլ տեղ չգտնելուն։
«Հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»։
«Վերադարձի մասին տեղահանվածների պատկերացումներն իրատեսական չեմ համարում»
Վերադառնալու մեկ այլ ցանկություն արցախցիներն ունեն։ Վարչապետի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ նրանց՝ Արցախ վերադառնալու պատկերացումները ոչ միայն իրատեսական չեն, այլև դա, իր խոսքով, «վտանգավոր ու վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար»։
«Ովքեր համաձայն չեն այս ռազմավարությանը, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։
Այսպիսով, Ղարաբաղի հարցը փակվում է՝ ամիսներ առաջ արած այս արտահայտությունը կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահ է, որ ժողովուրդն այս հարցում առարկություն չունի․
«Ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անելու։ Ժողովուրդը, այսինքն՝ դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»։
Իսկ խաղաղությունը Փաշինյանը հստակ ածականներով է որակում՝ «արժանապատիվ», «պետականակենտրոն», «մարդակենտրոն» և «տարածաշրջանակենտրոն»։




