
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան վերահաստատում է Թեհրան-Երևան հարաբերություններում նոր հորիզոններ բացելու փոխադարձ հանձնառությունը։
«Փեզեշքիանի այցը վկայում է այն մասին, որ մեր երկու երկրները պատրաստ են ամրապնդել համագործակցությունը և ստեղծել ավելի լայն հնարավորություններ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում»,-IRNA-ին ասել է Արաղչին։
Նախարարը հիշեցրել է հայ ժողովրդի մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի խոսքերը բարեկամության մասին՝ այն համեմատելով խոր արմատներ ունեցող ծառի հետ։
Նրա խոսքով՝ այս պատկերավոր միտքը լավագույնս արտացոլում է հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր կապերը, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի, մշակութային փոխանակման և համատեղ փորձի հիման վրա։
Արաղչին ընդգծել է նաև երկու ժողովուրդների համատեղ ավանդույթները՝ Նավասարդ և Վարդավառ տոները, ինչպես նաև Իրանում հայ համայնքի ներկայությունը, որը դարեր շարունակ եղել է երկրի հասարակական կյանքի անբաժան մաս։
Նա նշել է, որ Իրանի հայերը երկրի ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են և ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին՝ խորհրդարանում ներկայացվածությունից մինչև մշակութային հաստատությունների գործունեություն։
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Իրանն առաջիններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ ցուցադրելով իր աջակցությունը հարևան երկրի պատմական կարևոր պահին։
Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը մնում է Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։
Նրա խոսքով՝ երկու երկրների փոխլրացնող տնտեսությունները մեծ ներուժ ունեն զարգացման համար։
Նախարարը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը և տարանցման ժամանակը։
Արաղչին նշել է, որ այս նախագծի շրջանակում արագ զարգանում է երկաթուղային ցանցը և Չաբահարի օվկիանոսային նավահանգիստը, որը կարևոր դեր կունենա տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական աճի ամրապնդման գործում։
Արաղչին շեշտել է, որ Իրանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը և բարգավաճումը համապատասխանում են Իրանի շահերին և նպաստում են ավելի լայն տարածաշրջանային կայունությանը։
«Իրանը իրեն պարտավորված է համարում աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և ընդգծում է, որ կայուն անվտանգության ապահովումը և տարածքում ցանկացած նախագծի իրականացումը կախված է տարածքային ամբողջականության, ազգային ինքնիշխանության, իրավական կառավարման, փոխադարձ շահերի հարգանքից և որևէ օտարերկրյա ուժերի կամ երկրների միջամտությունից զերծ մնալուց»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։
«Փեզեշքիանի այցը ոչ միայն դիվանագիտական հանդիպում է, այլև քաղաքական կամքի հստակ արտահայտություն՝ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։ Պատմական կապերը, աշխարհագրական դիրքը, լրացուցիչ տնտեսությունները և ընդհանուր շահերը ամուր հիմք են մեր համագործակցության համար»,-եզրափակել է Արաղչին։
Նրա խոսքով՝ առաջիկա փուլում հիմնական հենասյուները կլինեն փոխադարձ վստահությունը, պատմական բարեկամությունը և երկու մայրաքաղաքների քաղաքական կամքը։ «Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան պայծառ է, և ոչ ոք չի կարող շեղել այս ուղին»,- հավելել է նա։




