
Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: Կարևոր նպատակն այն է, որ սովորողները կարողանան յուրացնել ինչպես ակադեմիական, այնպես էլ՝ սոցիալական հմտություններ։



«Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հիմնականում լավատեղյակ են իրենց երեխաների խնդրին։ Եվ, դպրոցում ես բախվել եմ այն հարցին, որ ինքս եմ մասնագետներին ցույց տվել երեխայի իրական կարիքը, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատել, ի՞նչ պետք է անել, որ ճիշտ լինի։ Սակայն կուզեի դպրոցի մասնագետից ինքս սովորել, բայց ստացվում էր, որ ես նաև դրա հետ կապված դժվարություններ ունեմ»,– ասում է Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի անդամ, կառույցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, վարքային թերապևտ Մելեա Միլիտոսյանը։
«Կրթության որակի վերահսկման և գործընթացի իրականացման տեսանկյունից ունենք որոշակի դժվարություններ, քանի որ չունենք հարմարեցված դասարաններ, դպրոցներում չունենք բավարար թվով մանկավարժներ, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն և գիտելիքներ։ Այս տեսանկյունից ունենք նաև մշակույթի խնդիր՝ այս երեխաներին ընդունելու, և չընդունելու»,– ասում է Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի անդամ, սոցիալական մանկավարժ Անահիտ Ադամյանը։


«Դպրություն» հաղորդման հյուրերն են Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի անդամ, կառույցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, վարքային թերապևտ Մելեա Միլիտոսյանը և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի անդամ, սոցիալական մանկավարժ Անահիտ Ադամյանը։




