
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօթեւանները պետք է լքեն Վաշինգտոնը՝ խոստանալով պայքարել քաղաքում հանցավորության դեմ։ «Մենք ձեզ կտրամադրենք բնակության վայրեր, բայց մայրաքաղաքից շատ հեռու»,- գրել է Թրամփը։
Սպիտակ տանն այսօր ներկայացվելու են մայրաքաղաքում բռնի հանցագործությունների դեմ պայքարի ծրագրերը։ Թրամփի խոսքով՝ նա ցանկանում է քաղաքը դարձնել «ավելի անվտանգ եւ գեղեցիկ, քան՝ երբեւէ»։
Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերին անվանել է «լավ մարդ, որը փորձում է ինչ-որ բան անել», սակայն նշել է, որ հակառակ նրա ջանքերին, հանցավորության մակարդակը աճում է, իսկ քաղաքը դառնում է «ավելի կեղտոտ եւ պակաս գրավիչ»։
«Անօթեւանները պետք է հեռանան ԱՆՄԻՋԱՊԵՍ,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում։ -Մենք ձեզ կտրամադրենք բնակության վայրեր, բայց ՇԱՏ ՀԵՌՈՒ մայրաքաղաքից»։
Նա նշել է, որ հանցագործներին հեռանալ պետք չէ, նրանց բանտում կտեղավորեն։
BBC-ին նշում է, որ 2022 թ․ իր ելույթում Թրամփն առաջարկել էր անօթեւաններին վերաբնակեցնել «բարձր որակի» վրաններում, որոնք կտեղակայվեն քաղաքներից դուրս՝ էժան հողատարածքներում՝ նրանց ապահովելով զուգարաններով ու բժշկական ծառայություններով։
Ի դեպ, Խորհրդային Միությունում կար «101 կիլոմետր հեռու» հասկացությունը։ Մոսկվայում առանց գրանցման անձանց, մարմնավաճառներին եւ քաղաքականապես անհուսալի մարդկանց մեծ միջոցառումների, հանդիսությունների, քաղաքական կարեւորագույն իրադարձությունների ժամանակ վտարում էին մայրաքաղաքից 101 կիլոմետր հեռու։




