
Աստղիկ Սարգսյան
Հանրային ռադիո
Հանրային ռադիոյի հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները Հայաստանը և Միացյալ Նահանգները տեղափոխել են հարաբերությունների նոր մակարդակ։
«Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը դեռ հունվարին արձանագրեց երկկողմ հարաբերությունների բարձրացման մասին փաստը, սակայն այն ժամանակ մենք ունեինք միայն հռչակագրային փաստաթուղթ։ Այսօր արդեն ունենք գործնական քայլերով առաջ շարժվելու հստակ հանձնառություն, որը ամրագրվեց Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպմամբ և փաստաթղթերի ստորագրմամբ։ Այո, մենք ունենք որակապես նոր հարաբերություններ, որոնք չպետք է դիտարկել որպես վերջնակետ․ դրանք մեկնարկային հիմք են հետագա աշխատանքի և զարգացման համար՝ ի նպաստ մեր պետության անվտանգության և առաջընթացի»,-ասաց Մակունցը։
Անդրադառնալով նախագահ Թրամփի վարչակազմի դերին՝ դեսպանը նշեց, որ եղել էին մտահոգություններ վարչակազմի ներգրավվածության վերաբերյալ, սակայն վերջին ամիսները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին։ «Կարողացանք համատեղ ուժերով արձանագրել արդյունք, և սա շատ կարևոր է»,-ընդգծեց դեսպանը։
Մակունցի խոսքով՝ արդեն ուրվագծվել են ռազմավարական նպատակակետերը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում կարողությունների զարգացում, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցություն, ինչպես նաև էներգետիկ անվտանգություն։ Հաջորդ փուլում կսկսվի կոնկրետ աշխատանքային խմբերի և գերատեսչությունների ներգրավմամբ աշխատանքը, որը կներառի նաև բարձր պաշտոնական մակարդակով հանդիպումներ։
Խոսելով ստորագրված հուշագրերի անվտանգային և տնտեսական բաղադրիչների մասին՝ դեսպանը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կունենա մեծ նշանակություն։
«Այո, այս նախաձեռնությունը ունի անվտանգային բաղադրիչ, բայց նույնքան կարևոր է էներգետիկ անվտանգության ուղղությամբ համագործակցությունը։ Տարիներ շարունակ փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները նշել են, որ էներգետիկ ոլորտում ընտրության և բազմազանեցման հնարավորություն ունենալը անվտանգային կարևորագույն բաղադրիչներից է»,-հավելեց նա։




