
Ֆրանսիան ողջունել է այսօր Վաշինգտոնում նախագահ Թրամփի հովանու ներքո նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի ստորագրումը։
«Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ ձեռք բերված արդյունքները վճռորոշ քայլ են առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը և վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս առումով Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը»,-ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային կապի զարգացումը և սահմանների վերաբացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքները, պետք է հնարավորություն տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ տարածաշրջանի բնակչության համար»,-ասված է հայտարարության մեջ։
«Իր եվրոպացի գործընկերների հետ միասին Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն նպաստել այս նպատակին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։




