
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոցը։



Ուսուցիչներն իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն ոչ միայն «Հայոց պատմություն» կամ «Հասարակագիտություն» առարկաների շրջանակներում, այլ նաև նախաձեռնողականություն կդրսևորեն՝ իրենց դպրոցներում դասավանդելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմած և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» դասընթացը:

«2022 թվականից կազմակերպվում է ամառային դպրոց՝ նախատեսված «Հայոց ցեղասպանություն» և «Հասարակագիտություն» դասավանդող ուսուցիչների համար։
Ամառային դպրոցի շրջանակներում, ինչպես նաև դասարանական այցերի համար ընտրված թեմաները ուղղորդվում են դասագրքերում տեղ գտած Հայոց ցեղասպանության թեմաներով։ Բայց, միայն դրանցով չենք առաջնորդվում, որովհետև ոլորտի մասնագետները տալիս են բոլոր ասպեկտների գիտելիքը՝ իրավական, կրոնական, մարդաբանական, սոցիոլոգիա, պատմական իրադարձությունների գնահատականներ կամ ներկայացում։ Դասագիրքը ոչ բոլոր թեմաներին է անդրադառնում»,– ասում է ՀՑԹԻ–ի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսսա Ստեփանյանը։

«ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպված ամառային դպրոցը բավականին յուրօրինակ բնույթ ունի։ Այստեղ կազմակերպվող մեթոդական դասընթացները հնարավորություն են տալիս ուսուցչին փոխելու իր դասավանդման ձևը ցեղասպանության թեմայի վերաբերյալ։ Այսինքն, եթե նախկինում պետք է ուսուցիչը տեքստային հատվածի հիման վրա կառուցեր դասը, որը երեխային ոչինչ չէր տալիս, հիմա՝ ամառային դպրոցի տված գիտելիքների և մեթոդների շնորհիվ դասավանդման տեսակը կարող է փոխվել»,– ասում է Թալինի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը։




