
Հայաստանում առավել հրդեհավտանգ տարածքներում ներդրվում է հրդեհների վաղ կանխարգելման համակարգ։ Այս պահին համակարգի ինժեներական նախագծման աշխատանքներն ընթանում են, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նաև հրդեհների մոնիթորինգի համակարգի ներդրում։
Ուշադրություն՝ բարձր ջերմային ֆոն
«Սպասվում է բարձր ջերմային ֆոն»՝ այս նախազգուշացումն անընդհատ հնչում է հուլիս և օգոստոս ամիսներին։ Այն նախատեսված է ոչ միայն բնակչությանն արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու, այլև բարձր հրդեհավտանգ իրավիճակների մասին տեղեկացնելու համար։ Այս ֆոնին, պատասխանատու կառույցները շրջանառում են իրազեկող հոլովակներ՝ նպաստելով մադու գործոնով պայմանավորված հրդեհների կանխարգելմանը։
Հրդեհների քանակը նվազել է, բայց ռիսկերը մնում են բարձր
2024 թվականին Հայաստանում գրանցվել է 13 անտառային հրդեհ՝ նախորդ տարվա համեմատ գրեթե 50 տոկոսով պակաս։ Այրվել է 13 հեկտար տարածք, ինչը 80 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։ Այնուամենայնիվ, հրդեհների մոտ 95 տոկոսը մնում է մարդու անփույթ գործողությունների հետևանք։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն «Էկոսֆերայի» հետ զրույցում նշեց, որ չնայած նվազմանը՝ հրդեհները շարունակում են լուրջ վնաս հասցնել անտառներին։
Պահպանվող տարածքներում հսկողությունն ուժեղանում է
Հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունն անտառային և հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է էկոպարեկային ծառայության կողմից։ Ծառայության Կենդանական և բուսական աշխարհի վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը նշում է՝ հաճախ կրակի տարածումը հնարավոր չէ կանխել ռելիեֆային պայմանների և տեխնիկայի սահմանափակումների պատճառով։ Նման տարածքները Հայաստանում բազմաթիվ են։ Նրա խոսքով՝ հրդեհների վաղ կանխարգելման համակարգի նախագծումը մոտենում է ավարտին։




