ԿարևորՀասարակություն

Տրանսպորտի ուղեվարձ չվճարողները կտուգանվեն

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ տրանսպորտում ուղեվարձի չվճարելու դեպքերը բացահայտելու նպատակով հսկիչները շրջելու են հատուկ սարքավորումներով և արձանագրելու են խախտումները։

«Այս սարքավորումների միջոցով հնարավոր կլինի ստուգել՝ արդյո՞ք քաղաքացին տվյալ տրանսպորտային միջոցում կատարել է վճարում, թե՞ ոչ»,- ասել է Գրիգորյանը։

«Մեր նպատակը տուգանքներ սահմանելու միջոցով գումար հավաքելը չէ։ Մենք պարզապես ցանկանում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- ընդգծել է նա։

«Իհարկե, հիմա մենք արդեն բարելավվող պատկեր ունենք, մասնավորապես այն պատճառով, որ սկսել ենք տեղադրել երկրորդ վալիդատոր սարքերը ավտոբուսներում։ Այս պահանջն առկա էր և՛ քաղաքացիների, և՛ լրագրողների, և՛ ավագանու անդամների կողմից։ Այդ գործընթացը մեծամասամբ արդեն իրականացված է»,- հայտնել է Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն քաղաքացիները, որոնք մինչև այժմ դրսևորել են անպատասխանատու վարքագիծ, այժմ ստիպված են լինելու դրսևորել պատասխանատու մոտեցում։

Տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում և կրել վարչական պատասխանատվություն։

Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանքներ։ Այսպես, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու դեպքում և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։

Կարդացեք նաև

Back to top button