ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշնանը կընդունենք հանդիսատեսին․ դատական գործընթացին զուգահեռ «Տաշիրը» պատրաստվում է կրկեսի բացմանը

Մինչ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Երևանի կրկեսի շենքը պետությանը վերադարձնելու վերաբերյալ հայցը, սեփականատեր ընկերությունը պատրաստվում է բացման արարողությանը։ «Տաշիր» ընկերությունը շուրջ 20 տարի առաջ է 150 միլիոն դրամով ձեռք բերել Կրկեսի շենքը՝ պայմանով, որ 6 միլիարդ դրամի ներդրումներ կանի ու սահմանված ժամկետում  այն շահագործման կհանձնի։ Սահմանված ժամկետը մի քանի անգամ փոխվել է և հասել այն կետին, որ Պետգույքի կառավարման կոմիտեն դատական  գործընթաց է սկսել շենքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ։ Այդ գործընթացը,  սակայն, «Տաշիր» ընկերությանը չի խանգարում հայտարարել, որ աշնանը կրկեսը կբացի իր դռները հանդիսատեսի առջև։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Պետգույքի կառավարման կոմիտեի հայցն ընդդեմ «Երևանյան կրկես» ընկերության։ Կոմիտեն պահանջում է անվավեր ճանաչել կրկեսի շենքի առքուվաճառքի պայմանագիրը և հօգուտ Հայաստանի բռնագանձել շենքը։ Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ ասում է, որ բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

«Սրանով արգելվել է «Երևանյան կրկես» ՍՊԸ-ին վեճի առարկա գույքը օտարել կամ ծանրաբեռնել այլ անձանց իրավունքներով»։

Հովհաննիսյանը դժվարանում է նշել, թե որքան կտևի գործընթացը, բայց կարծում է, որ իրավական երկարատև պրոցես է սպասվում։  Շուրջ 20 տարի առաջ, կառավարության որոշմամբ, կրկեսը մասնավորացվեց։ Այն գնեց «Երևանյան կրկես» ընկերությունը, որի հիմնական մասը պատկանում էր «Տաշիր կապիտալ»-ին։

Ընկերությունը շենքը ձեռք է բերել 150 միլիոն դրամով։ Պայմանագրի համաձայն՝ «Երևանյան կրկես»-ը պետք է շուրջ 6 միլիարդ դրամի ներդրում կատարեր ու տասը տարվա ընթացքում այն շահագործման հանձներ։ 6 միլիարդի ներդրումն արվել է, բայց մյուս պարտավորությունները չեն կատարվել․ աշխատատեղեր չեն ստեղծվել, շինարարական աշխատանքները չեն ավարտվել, կրկեսը գործունեություն, ըստ էության, չի ծավալել։ Շինաշխատանքների ավարտի ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է, ի վերջո վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ․ դեկտեմբերի 31-ը։ Պետգույքի կառավարման կոմիտեի իրավաբանն ասում է՝ ներդրումները փաստացիորեն արվել են, սակայն շենքը ո՛չ վերջնաժամկետին, ո՛չ էլ այժմ շահագործման հանձնված չէ, կրկեսն էլ չի գործում։

«Իրականում պետությունը պատասխանողին մի քանի անգամ հնարավորություն է ընձեռել պարտավորությունները կատարելու, մասնավորապես՝ պայմանագրում փոփոխություններ կատարելով՝ մի քանի անգամ երկարաձգվել է պարտավորությունների կատարման ժամկետը, բայց փաստերը ցույց են տալիս, որ իրենց առաջարկած ժամկետում նույնպես այդ պարտավորությունները չեն կատարվել»,- ասում է Հովհաննիսյանը։

Ընկերությունը դատական գործընթացը չի մեկնաբանում: «Ռադիոլուր»-ի այն հարցին, թե ի վերջո ինչու են այսքան ձգձգվել շենքի կառուցումն ու շահագործումը, «Տաշիր» ընկերությունից չպատասխանեցին, գրավոր ձևով հայտնեցին միայն՝

«Ներդրողի բոլոր գործողությունները եղել են թափանցիկ, օրինական և ուղղված հասարակության բարօրությանը։ Ավելի քան տասը տարի առաջ կրկեսի շենքը վթարային վիճակում էր և չէր համապատասխանում շահագործման պահանջներին։ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացված մասշտաբային ներդրումների և տեխնիկապես բարդ վերակառուցման շնորհիվ Երևանը շուտով կունենա եզակի, ժամանակակից տարածք, որը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին»։

Մինչ փակ կրկեսի հարցը սպասում է դատական քննությանը, սեփականատեր ընկերությունը հայտարարում է աշնանը սպասվող բացման մասին։ Օրերս Երևան են ժամանել 150 արտիստներ, որոնք մասնակցելու են կրկեսի շենքի տեղում կառուցված «Տաշիր արենայի» բացման միջոցառմանը։ Ընկերության՝ «Ռադիոլուր»-ին ուղղած գրավոր պատասխանում կարդում ենք, որ թիմը Երևան է ժամանել բացումից առաջ վերջին փորձերն անելու նպատակով։ «Արդյո՞ք այս պահին կրկեսի նոր շենքը պատրաստ է շահագործման» հարցին ընկերությունից հստակ պատասխան չեն տալիս, սակայն շեշտում են՝ այն, ինչ արվել է տասը տարիների ընթացքում, պարզապես վերակառուցում չէ, այլ նոր, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում։

«Մենք շենքը հարմարեցրել ենք ամենաժամանակակից տեխնիկական և բեմական պահանջներին, և վստահաբար կարելի է ասել, որ սա տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ թատերական-համերգային հարթակներից մեկն է։ Ժամկետների վրա ազդել են նաև օբյեկտիվ գործոններ՝ համավարակը, գլոբալ լոգիստիկ շղթաների խափանումները, տարածաշրջանային անկայունությունը։ Սակայն մենք գիտակցաբար չենք գնացել որակի հետ կապված որևէ փոխզիջման»,-ասված է գրավոր պատասխանում։

Արդեն 2025-ի աշնանը «Տաշիր արենան» պատրաստ կլինի ընդունելու հանդիսատեսի՝ վստահեցնում են ընկերությունից։ Պետգույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանը, սակայն, նկատում է՝ մինչև հանդիսատեսին ընդունելը ընկերությունը մի շարք փուլեր պիտի անցնի։

«Շենքը շահագործելու համար անհրաժեշտ է շահագործման ակտ, ավարտական ակտ։ Բնական է՝ մինչև շահագործման ակտը ստանալը անհրաժեշտ է, որ համապատասխան փորձաքննություններ իրականացվեն տեսչական մարմինների կողմից և այլն։ Երբ այդ եզրակացությունները առկա լինեն, նոր միայն շենքը պատրաստ կլինի վերջնական շահագործման։ Բայց այս պահին մենք նման տեղեկության չենք տիրապետում՝ արդյոք այդ շենքը շահագործելու համար անհրաժեշտ փորձաքննության եզրակացությունները առկա են, թե ոչ»,-ասում է իրավաբանը։

Կրկեսի շենքը Հայաստանի նոր այցեքարտն է դառնալու․ բացման արարողությունը տեղի կունենա վերջնական նախապատրաստություններից անմիջապես հետո, կոնկրետ օրվա մասին լրացուցիչ կերպով կհայտարարվի՝ վստահեցնում են «Տաշիր» ընկերությունից։

Կարդացեք նաև

Back to top button