ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միայն կես օր զորամասում․ ինչո՞ւ է վատառողջ նորակոչիկը հայտնվել բանակում

Զորակոչիկների առողջական վիճակի ճիշտ գնահատումը դեռևս խնդիր է, որի մասին խոսվում է ոչ միայն հասարակական հարթակներում, այլև պետական մակարդակով։ Այսօր մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է մի ուշագրավ դեպք՝ կապված նորակոչիկի առողջական վիճակի կտրուկ վատացման հետ։ Ի՞նչ բացեր ունի գործող օրենսդրությունը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՄԻՊ-ի գրասենյակը նման դեպքերում։

Օրենքը հստակորեն սահմանում է, թե որ դեպքերում են ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակ պիտանի,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը։ Անդրադառնալով կոնկրետ դեպքի վերաբերող հարցին՝ Մանասյանը խնդիրն այսպես ձևակերպեց․

«Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, անուն-ազգանուն չներկայացնելով՝ պարբերաբար հրապարակայնորեն փորձում ենք նաև ընդհանուր, գլոբալ խնդիրները ներկայացնել»։

Կոնկրետ դեպքում խնդիրը վերաբերում էր Ավետիք անունով մի երիտասարդի, որը մեկ ամիս առաջ է զորակոչվել բանակ, սակայն նրա առողջական վիճակը կտրուկ կերպով վատացել է, և նրան տեղափոխել են հոսպիտալ։ Հաջողվե՞լ է արդյոք ՄԻՊ-ին պարզել, թե ինչու են առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային զորակոչել։ Նա ընդամենը կես օր է մնացել զորամասում, իսկ անցած մեկ ամիսն անցկացրել է բուժկետում և հոսպիտալում։

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս պահին հենց օրենսդրությունն է սահմանում, թե որ դեպքերում են, օրինակ, ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակումով պիտանի»։

ՄԻՊ-ը տեղյակ է տվյալ խնդրից, քանի որ ժամկետային զինծառայողի ծնողները դիմել էին նաև ՄԻՊ-ին։ Պաշտպանի գրասենյակը հրատապ այց էր կազմակերպել հոսպիտալ։

ՄԻՊ աշխատակազմը օրեր առաջ այդ մասին նաև հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր. «Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, որոնք մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ, քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ կապված հարցեր: Այցի շրջանակում առանձնազրույց է տեղի ունեցել զինծառայողի հետ․ վերջինս ներկայացրել է իրեն մտահոգող խնդիրները»:

Հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ կոնկրետ տվյալ հարցով՝ պաշտպանի աշխատակազմում առկա վարույթի շրջանակում պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ։

«Զինծառայողների պատշաճ բժշկական օգնության հարցը շարունակում է գտնվել մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- ասված էր ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց, որ որպես մարդու իրավունքների պաշտպան ինքը և ՄԻՊ աշխատակազմն իր անունից պարբերաբար նաև տարբեր իրավական ակտերի նախագծերի մասին կարծիքներ ներկայացնում են։

«Այդ թվում՝ պահանջելով և առաջարկելով համագործակցել՝ բարելավելու այս օրենսդրությունը, որովհետև շատ դեպքերում, այո՛, մենք էլ այդ մտահոգությունը ունենք և նաև շատ ենք այցելում այդպիսի քաղաքացիների։ Այս դեպքում ևս այց կատարել ենք։ Հիմա կարողանում եմ պարզապես նշել, քանի որ թույտվությունն ունենք, այդ թվում՝ դեպքի որոշ մանրամասների վերաբերյալ հրապարակայնորեն խոսելու»։

Պաշտպանի խոսքով՝ այս պահի օրենսդրության վերաբերյալ ինքը պարբերաբար տեսակետ ներկայացրել է, որ այն ամեն դեպքում խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների համար, այլև զինված ուժերում ծառայության տեսանկյունից։

«Հույս ունեմ, որ հետագայում դարձյալ քննարկումները կշարունակենք և այդ առումով կունենանք լուծումներ»։

Արդյո՞ք ՄԻՊ-ը հասել է այն բանին, որ ևս մեկ փորձաքննություն անցկացվի։ Հարցին ի պատասխան՝ Մանասյանն ասաց, որ կոնկրետ՝ զինծառայողի դեպքի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես կգա որոշ ամփոփումներ անելուց հետո և կներկայացնի ամբողջ պատկերը՝ թույլատրելի տեղեկության սահմաններում։ 

Կարդացեք նաև

Back to top button