ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գեղանիստում հրաժարվում են անասնապահությունից. նախկին եկամտաբեր ճյուղը դարձել է անարդյունավետ

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում խոշոր եղջերավորների գլխաքանակը կրճատվել է: Արոտներում ջուր չլինելու պատճառով անասունների կաթնատվությունը նվազել է, իսկ սպանդանոցների բացակայությունը՝ բարդացրել մսի արտադրությունը: Գեղանիստում անասնապահությունը դարձել է ոչ եկամտաբեր:

«Պետրոս ջան, կովերին ներս տար, ջանիդ մեռնիմ: Կովերն էնտեղ են, քշի, ներս տար, ժնջիլը գցի վզերին, կապի: Լավ, ես կգամ, կկապեմ»:

Գրիգոր պապը թոռանն է ձայն տալիս, որ արոտից վերադարձած անասուններին տանի գոմ ու կապի մսուրքին: Երկու կով ունեն։ Դրանց էլ պահում են միայն, որ կաթը, պանիրն ու մածունը տնից չպակասեն։ Անասնապահությամբ զբաղվելն այլևս երկամտաբեր չէ: Արոտավայրերում ջուր չկա, անասունները ծարավ են մնում: Այդ պատճառով Գեղանիստում կրճատվել է խոշոր եղջերավորների գլխաքանակը: Գյուղացիներն են պատմում:

 «Առաջ շատ էին պահում, հիմա արդեն պակասացրել են: Դաշտում ջուր չկա. ծարավ գնում են չոլ, ծարավ հետ գալիս, նախրապահ չկա»:

«Առաջ 1000 գլուխ անասուն կար, հիմա մնացել է 400-500 գլուխ: Չկա, դա էլ են վերացրել: Պատճառը՝ եկամուտ չունեն, ժողովուրդն անիմաստ տանջվում է: Գյուղի արոտավայրերը քիչ են, միայն սարի շուրջն է ու վերջ: Ահագին հեռու է, է՜ն սարը, որ երևում է, այդտեղ է: Դաշտում ջուր չկա, անասունը ծարավ գնում, ծարավ գալիս է, կաթ չի տալիս»:

Գեղանիստում հիմնականում «Կովկասյան գորշ» ավանդական ցեղատեսակներն են պահում: Ջուր չլինելու պայմաններում կաթը քչացել է: Անասունները ջուր են խմում գյուղի կենտրոնում գտնվող խմելու ջրի աղբյուրից։ Ջուրն այստեղ կուտակվում է կիսախողովակային տաշտերում: Անասուններին ծարավ չթողնելու համար, դաշտից շուտ  են տուն բերում:

 «Առավոտ ջուր եղավ, կխմեն, կերթան, ջուր չեղավ, իրիկունը կգան կխմեն, եթե չեղավ, ուրեմն, ծարավ գոմ կտանենք: Դրա համար էլ կաթ շատ քիչ են տալիս: Եթե անասունը ջուր չխմեց, կաթ որտեղի՞ց տա: Երկու կովը միասին օրական 10 լիտր կաթ չի տալիս: Անունով ենք պահում, ճիշտ է, գյուղացի ենք, անասուն ենք պահում, բայց օգուտ չունենք»:

Անասնագլխաքանակի կրճատումը այլ պատճառ էլ ունի՝ գյուղում հովիվներ չկան: Տղամարդիկ հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ վերջին տարիներին՝ նաև տարբեր մարզերում և Երևանում են աշխատում՝ շինարարությունում:

«Անասնակերի հարցն է, նախրապահների հարցն է, նախիրի գինն է, ամեն ինչն էլ ազդել է: Ամեն մի գլխի համար սեզոնի ընթացքում 30 հազար դրամ ենք վճարում: Կաթը մշակում ենք, ինչքան հնարավոր է տանը մեզ ենք վերցնում, մնացածն էլ ծախում ենք»:

Սովորաբար այս գյուղում զտած կաթից բարակ չեչիլ պանիր են պատրաստում ու վաճառում: Իսկ դա ավելի աշխատատար է ու դժվար: Գեղանիստում բացի «Կովկասյան գորշերից» քիչ քանակությամբ նաև  հոլանդական կովեր են սկսել պահել, որոնց կաթնատվությունը համեմատաբար բարձր է:

«Կով կա՝ ընտիր կթվում է, բայց դաշտում ի՞նչ կա, երբեմն 10 լիտր կաթ են տալիս: Ցեղական կովեր էլ են բերել, որ 10-20-30 լիտր կաթ են տալիս, բայց դրանց տնային պայմաններում են պահում: Մենք դրանցից չունենք, մերը սովորական կովեր են, ամեն կթելուց 7-8 լ կաթ են տալիս»:

Զրուցակիցներիցս մեկը տարիներ առաջ շատ անասուններ է պահել, վերջին տարիներին կրճատել է գլխաքանակը ու պատրաստվում է ընդհանրապես հրաժարվել անասնապահությունից:

«Ես վերացնում են անասուններին: Հիմա 4 գլուխ կաթնատու կով է մնացել, նախկինում 12-ն էին: Երեք տարվա ընթացքում եմ վերացրել: Չենք կարող մորթել, մեզ մոտ սպանդանոցներ չկան, կենդանի քաշով ենք վաճառել»:

Գեղանիստի վարչական ղեկավար Արտավազդ Ավետիսյանն էլ է փաստում՝ գլխաքանակը շուրջ 50 տոկոսով կրճատվել է: Պատճառներից մեկն էլ մարզում սպանդանոցների բացակայությունն է:

«Շատ ազդեց նաև «Սպանդանոցների մասին» օրենքը: Դա խիստ ազդեց: Ո՛չ տարածքում, ո՛չ էլ մարզում գործող սպանդանոցներ չկան: Շատ հեռու է: Բացի դրանից, մարդը կարող էր մի գլուխ պահել նոր տարվա համար, մորթում էր, կեսը նոր տարի էր անում, կեսն էլ պահում էր իր տնտեսության համար, հիմա սպանդանոցային մորթի պատճառով էդ մի հատն էլ չի պահում»:

Որպես անասնակեր՝ վարսակ ու կորնգան են ցանում: Գյուղացիներն օգտվել են կառավարության բուսաբուծության աջակցության ծրագրից, որի ծախսի մի մասը սուբսիդավորում է պետությունը: Հացահատիկ ու կերային մշակաբույսեր են ցանել՝ ասում է վարչական ղեկավարը:

«Անցած տարի ունեցել ենք 112 շահառու, գարնանացանի ծրագրով 130 հա ցանքատարածություն է ցանվել, իսկ այս տարի 55 շահառու է դիմել ու 65 հա-ի վրա ցանել»:

Զրուցակիցս էլ է օգտվել պետության սուբսիդավորած բուսաբուծության ծրագրից:

 «Ցորեն, գարի, վարսակ՝ երեքից էլ օգտվել ենք: Ցորենինը դեռ չենք ստացել, փաստաթղթավորման փուլում է, իսկ գարին ու վարսակը՝ ստացել ենք: 1 հա-ի դիմաց կորնգանին վերադարձրել են 120 հազար դրամ, ցորենին՝ 80 հազար դրամ, գարու և վարսակի ցանքի դիմաց՝ 70 հազար դրամ»:

 Կառավարության առաջարկած ծրագրից այս տարի քչերն են օգտվել, քանի որ տեղի գյուղատնտեսությունը հաճախ է տուժում կարկուտից։ Չեն հասցնում բերքը հավաքել, ուստի, ներդրումներն էլ անարդյունավետ է լինում:

Կարդացեք նաև

Back to top button