ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Հավլաբարում հայկական թատրոնի հիմնանորոգված շենքը կվերաբացվի

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը պատրաստվում է մեծ շուքով բացել հիմնանորոգված շենքը։ Հայաշատ Հավլաբարում գտնվող հայկական թատրոնի շենքն ունի ժամանակակից բոլոր տեխնիկական հնարավորությունները։ Այն հիմնանորոգվել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի ղեկավար, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ավելի քան տասը տարվա դադարից հետո ադամյանցիները վերադառնալով սեփական բեմ՝ շարունակելու հայկական հնագույն թատրոնի կենսագրությունը, որը վստահ են՝ վերջակետ չի ունենալու։

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր շենքն արդեն կառուցված է։ Ադամյանցիները պատրաստվում են մեծ շուքով բացել նորակառույց շենքի դռները մոտ մեկ ամսից։ Թատրոնի անձնակազմը, դերասաններն առաջին անգամ մուտք գործելով վերանորոգված թատրոն, օթայակներում «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հուզվել էին․ ավելի քան տասը տարվա դադարից հետո առաջին անգամ կխաղան սեփական բեմում:

Թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանն ասում է՝ սեփական հարկի ներքո ոգևորված են, եռանդով ու նորանոր գաղափարներով լեցուն․

«Ուրախ ենք Հայաստանի Հանրային Ռադիոյի անձնակազմին հյուրընկալել 168-ամյա մեր թատրոնի նորակառույց շենքում։ Այս շենքը Վրաստանում լավագույններից մեկն է, և ընդամենը մեկ ամսից մեր դերասանները կգործեն հարազատ բեմում»։ 

Ավելի քան տասը տարի հայկական թատրոնում ներկայացում չի բեմադրվել, շենքը վթարային էր։ Ադամյանցիները սակայն շարունակում էին ստեղծագործել, ներկայացումներ բեմադրել վրացական թատրոններում, հյուրախաղերով լինել Վրաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։

Թբիլիսիի հայկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է, ունի 168 տարվա պատմություն. 

«Հայ պրոֆեսիոնալ թատրոնը ծնվել է Թիֆլիսում։ Թիֆլիսից է սկսվել պատմությունը։ Դրա համար այս թատրոնը մեծ կենսագրություն ունի, որը շարունակելու համար կարևոր է ունենալ մտածող հանդիսատես․ գուցե հանդիսատեսը չտիրապետի հայերենին, բայց մտածող հանդիսատեսը կարևոր է նաև, որ առանց լեզվին տիրապետելու հասկանա դրա գույնը․ որովհետև թատրոնը բոլոր դեպքերում միայն լեզու չէ․․․»։ 

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է՝ եթե Հայաստանից հեռու կան հայկական պետական թատրոն, դպրոց կամ թերթ, չպետք է զիջեն վրացականին.

«Այնպես որ, եթե հաճախ մենք ասում ենք, որ դրսում լեզու, մշակույթ ենք, դա չպիտի զիջի տեղում գործողներին։ Նաև պիտի ասեմ, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը մեր թատրոնին վերաբերում է այնպես, ինչպես վերաբերում է Ռուսթավելու անվան թատրոնին, Մարջանիշվիլիի թատրոնին, այսինքն մենք զգում ենք այստեղ հավասարը հավասարի հետ»։

Ադամյանցիների առաջին պրեմիերան նոր տանն ամենայն հավանականությամբ կլինի Սունդուկյանի թիֆլիսյան յուրահատուկ կոլորիտով «Պեպո»-ն։

«Պեպո»-ն, ի դեպ, առաջին անգամ Թիֆլիսում բեմադրվել է հենց Թիֆլիսի հայկական թատրոնում՝ 1871 թվականին։ Կատակերգության հռչակը շատ կարճ ժամանակահատվածում տարածվել էր նաև վրաց հասարակության շրջանում, և Սունդուկյանը թարգմանելով այն նաև վրացերեն՝ բեմադրվել է Թիֆլիսի վրաց բարբառով՝ համեմված հայերեն բառերով։

Դրա մասին հետո վրացի թատերագետները պիտի ասեին՝ «Պիես, որի նմանը դեռ չէր տեսել վրաց բեմը»։

Կարդացեք նաև

Back to top button