ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շոշափել կավը, ակտիվացնել ուղեղի աշխատանքը. ինչպես է կավաթերապիան օգնում ներառականությանը

Կրթության հավասար հնարավորություն նաև մարզերի երեխաների համար։ Երևանից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Վեդի քաղաքի երեխաները տեխնոլոգիական, ինժեներական, կավագործության ու ներառման այլ խմբակներ հաճախելու համար ստիպված էին մայրաքաղաք հասնել։ Այժմ այդ խնդիրը մասամբ լուծված է։

Գիտարվեստանոց․ այս եզրույթն արդեն հաճախ է կիրառվում։ «Շամոտ» գիտարավեստանոցի համահիմնադիր Սեդա Սահակյանը վստահ է, որ այն արդեն արդյունք է տալիս․

«Մեր գիտարվեստանոցը նորարարական է, քանի որ կիրառական արվեստի՝ կավի միջոցով համադրում է ՍԹԵՄ–ը։ Գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա, մաթեմատիկա՝ ՍԹԵՄ կոնցեպտն ու հուզական ինտելեկտի զարգացումն են զուգակցվել»։

Կրթության հավասար հնարավորություն նաև մարզերի երեխաների համար։ Երևանից  մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Վեդի քաղաքի երեխաները տեխնոլոգիական, ինժեներական, կավագործության ու ներառական այլ խմբակներ հաճախելու համար ստիպված էին լինում մայրաքաղաք հասնել։ Բայց ոչ բոլորն այդ հնարավորությունն ունեին։ Սա խնդիր է, որի հետ ամեն օր բախվում են գրեթե բոլոր համայնքների երեխաները։ Եվ ահա «Խթան» աքսելերացիոն ծրագիրը որոշեց աջակցել այդ խնդրի լուծմանը։ 2021–ին առաջին անգամ ծրագիրն Արցախում է իրականացվել։  

«Շամոտ» գիտարավեստանոցի հիմնադիր Սեդա Սահակյան․«Շամոտ՝ ֆրանսերեն է, հայերեն՝ հրակավ։ Ֆրանսերեն եմ ընտրել, քանի որ «Կազա» հիմնադրամին շատ սիրել են, ու այդ հիմնադրամը դարձավ իմ ծրագրի իրականացման հիմքը։ Փորձել եմ կոնցեպտը պահել։ Մեր շամոտը խորհրդանշում է մարդու ներքին ամրությունը, ինչու ոչ, որ յուրաքանչյուր երեխա կարողանա դառնալ ստեղծարար և հուզականորեն ամուր ու կայուն անհատ, եթե լինի ճիշտ միջավայրում ու ստանա ճիշտ աջակցություն»։

Սկզբում կավագործության ու կավաթերապիայի  գաղափարն էր․ ինժեներական ուղղվածությունը խորացավ աքսելերացիայի շրջանում։ Որոշեց՝ բարդ գիտական երևույթները կիրառական արվեստի միջոցով ներկայացնել նոր սերնդին։ Սեդան նախ երեք դպրոցների բնագիտական առարկաների ուսուցիչներին հարցում արեց։ Պատասխան ստացավ՝ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրվածությունը ցածր է։ Բայց արտադպրոցական միջոցառումներին մասնակցելու մեծ ցանկություն կար երեխաների շրջանում․

«Մոտ 80 մասնակիցներից անցան 30–ը․ նրանցից միայն 10–ը դրամաշնորհ ստացան։ Մեր գիտարվեստանոցի սոցիալական բաղադրիչն այն է, որ համայնքում ստեղծվեն պայմաններ, որ ծնողները, երեխաներն օգտվեն նման հնարավորություններից, ոչ թե այլ տեղերում մեծ գումար ծախսեն»։

Մանկավարժ, լոգոպետ Սեդա Սահակյանը գիտի՝ կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները Երևան հասնելու համար մեծ խնդիրների առաջ են կանգնում, երբ փորձում են երեխաներին կավաթերապիայի տանել։ Իսկ կավաթերապիան կարևոր է կրթության առանձնահատուկ կարիք ունեցողների համար․

«Կոգնիտիվ մակարդակում շատ փոփոխություններ են տեղի ունենում։ Զգայական, սենսորային ռեցեպտորները մաշկի մեջ են․ կավի հետ շփվելիս ակտիվանում են զգայական կենտրոնները, ազդակներ են փոխանցվում ուղեղին նյութի ձևի, ջերմության, փոփոխության վերաբերյալ։ Վերլուծություն է կատարվում, համադրվում է, ընկալման փորձին առնչվող պատկեր է ստեղծվում։ Երկրորդ կարևոր կտորը մանր մոտորիկայի զարգացումն է։ Շոշափելով կավը, աշխատելով՝ ակտիվանում են ուղեղում շարժողական կենտրոնները․ օգնում է կենտրոնացված լինելուն երեխաներին ու առհասարակ մարդուն»։

Կավը օգնում է՝ կենտրոնանալու ներկայի վրա, քանի որ անձը ստեղծագործում է, շեղող գործոնները նվազում են։ Կավով աշխատելիս էնդորֆին և այլ կարևոր հորմոններ են արտադրվում, որոնք դրականորեն են ազդում մարդու հոգեկանի վրա։ Աշխեն Մեսրոպյանը Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցում քիմիայի և բնագիտության ուսուցչուհի է։ Երկար տարիների փորձ ունեցող մանկավարժը գիտի, որ երեխաների համար պետք է հետաքրքիր դարձնել բնագիտական առարկաները։ Իսկ դրա համար, տեսականից բացի, գործնական հմտություններ են պետք։

 «Գիտելիքների ձեռքբերման հիման վրա համապատասխան գիտելիք ու հմտություն կձևավորենք։ Վերջական արդյունքը կլինի, որ կձևավորեն դիրքորոշում, որը կարևոր է։ Այս շրջանում նրանց մեջ կզրագանա  թե՛ ստեղծագործական, թե՛ քննադատական մտածողությունը, որը կարևոր է իրենց ապագայի ձևավորման համար»։

Տարբեր տարիքային խմբերի համար ծրագրեր մշակելով՝ փորձում են անցնել պարզից դեպի բարդը․

«Շատ լավ է, որ երեխաները, այս ընթացքում ստանալով տեսական գիտելիքներ ֆիզիկական, քիմիական երևույթների մասին, չափելով տարբեր գործիքներով, կարողանան ստեղծել այն ամենը, ինչ կա»։

Նման ծրագրերը, նաև արտադպրոցական կրթությունը երեխաների շրջանում բնագիտական առարկների նկատմամբ աստիճանաբար հետաքրքրություն կձևավորեն։ Ծրագիրը տարբեր տարիքային խմբերի համար է՝ 5–12–րդ դասարանների։ Սիրողական խմբերում ուղեղն ու ձեռքերը մարզելու հնարավորություն ունեն բոլորը՝ փոքրից մինչև մեծ։

Կարդացեք նաև

Back to top button