ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Մոսկվա-Կիև բանակցությունները շարունակվում են, հրթիռակոծությունները՝ նույնպես

Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ուկրաինական պատվիարակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ քննարկել են ռազմագերիների հետագա փոխանակման հարցը, ինչպես նաև հրադադարի պայմանների և նախագահների հանդիպման հնարավորությունը, սակայն կողմերը համաձայնության չեն հանգել: Ավելի ուշ սակայն, պարզվել է, որ գերիների փոխանակման շուրջ համաձայնություն է եղել։

Ստամբուլում մեկ ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցությունների շնորհիվ գերիների հերթական փոխանակումն է կատարվել։

«Ստամբուլում համաձայնեցված փոխանակման իններորդ փուլը տեղի ունեցավ»,— գրում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա տեղեկացնում է, որ ծանր հիվանդ և ծանր վիրավորված զինվորները վերադարձել են։

Ըստ Զելենսկիի՝ Ստամբուլի համաձայնագրերի բոլոր փուլերում ավելի քան 1․000 ուկրաինացի է վերադարձվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը ևս տեղեկացնում է, որ ռուս զինծառայողների մի խումբ է վերադարձել ուկրաինական գերությունից։

Ստամբուլի Չիրագանի պալատում հուլիսի 23-ին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկիի և Ռուստեմ Ումերովի երկկողմ հանդիպումից հետո Մեդինսկին հայտնել է, որ երկուստեք համաձայնել են յուրաքանչյուր կողմից 1․200 գերի փոխանակել։ Բացի այդ՝ Ռուսաստանը պատրաստ է փոխանցելու ևս 3․000 ուկրաինացի զինվորականի աճյուն։

Նախորդ երկու բանակցությունները դարձյալ տեղի էին ունեցել Ստամբուլում՝ այս տարվա մայիսի 26-ին և հունիսի 2-ին։

«Մենք առաջընթաց ունենք հումանիտար ուղղությամբ, բայց ոչ ռազմական գործողությունների դադարեցման»,բանակցություններից հետո ասել է Ումերովը։

Նրա խոսքով՝ Կիևն առաջարկել է երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպել մինչև օգոստոսի վերջ։

«Կարևոր առաջնահերթությունը նախագահների հանդիպումը կազմակերպելն է: Նախագահ Թրամփի և Էրդողանի մասնակցությունը շատ կարևոր կլինի: Իրական հրադադարը և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելը կարող են լինել երկարատև խաղաղության առաջին քայլերը: Մենք ռուսական կողմին առաջարկում ենք առաջնորդների նման հանդիպում անցկացնել մինչև օգոստոսի վերջը: Այս առաջարկին համաձայնելով՝ Ռուսաստանը կարող է հստակ ցույց տալ իր կառուցողական մոտեցումը  բոլորի, այդ թվում՝ մեր գործընկերների նկատմամբ: Ուկրաինան շարունակում է պնդել, որ լիարժեք և անվերապահ հրադադարը արդյունավետ դիվանագիտության անհրաժեշտ հիմք է: Մենք պատրաստ ենք հրադադարի հիմա և սկսելու էական խաղաղության բանակցություններ, և մյուս կողմից է կախված խաղաղությանն ուղղված այս հիմնական քայլն ընդունելը»:

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ վստահեցնում է, որ  մարդասիրական նախագծերի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են նախորդ անգամ, կատարվել են:

«Ի՞նչ առաջարկեցինք այս անգամ  ուկրաինական կողմին: Նախ՝ ռեսուրսներ և հարկատուների գումար խնայելու համար, մեր պատվիրակության կազմում ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց՝ քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերի աշխատանքային խմբեր, որոնք բաղկացած կլինեն համապատասխան մասնագետներից: Ուկրաինական կողմը համաձայնել է քննարկելու այս առաջարկը: Երկրորդ։ Մենք կրկին ուկրաինական կողմին քառաջարկեցինք քննարկել, մեր կարծիքով, շատ կարևոր հարց՝ կարճատև, 24-48-ժամյա հրադադար մարտական շփման գծում, առաջնագծում, որպեսզի բժշկական խմբերը հնարավորություն ունենան տանել ու վիրավորներին, հրամանատարները հնարավորություն ունենան հանելու զոհվածների դիերը»։

Ուկրաինական կողմը սակայն պահանջում է ոչ թե 24-48–ժամյա այլ անհապաղ և շատ ավելի երկարատև հրադադար։ Բացի այդ՝ Մեդինսկին  նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման նպատակը պետք է լինի համաձայնագրի ստորագրումը, այլ ոչ թե «ամեն ինչ զրոյից քննարկելը»։

«Դե, և, բնականաբար, մենք երկար քննարկեցինք երկու կողմից նախորդ անգամ ներկայացված հուշագրերը։ Դիրքորոշումները բավականին հեռու են իրարից։ Մենք համաձայնեցինք շարունակելու շփումները։ Ե՛վ պատվիրակության մակարդակով, և՛, հուսով ենք, որ արագորեն՝ աշխատանքային խմբերի մակարդակով»։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է վերահսկելու հրադադարն Ուկրաինայում։

«Մեր նպատակն է դադարեցնել այս արյունալի պատերազմը, որը շատ թանկ է նստում բոլորի վրա»։

Ֆիդանը վստահեցրել է, որ Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ հրադադարի ռեժիմը մոնիթորինգի ենթարկելու համար։

Եվ, այնուամենայնիվ, ստամբուլյան բանակցություններին զուգահեռ շարունակվում են փոխադարձ հրթիռային հարվածները։

Կարդացեք նաև

Back to top button