
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում առկա մի քանի տասնյակ չկարգավորվող աղբավայրեր այլևս փակվելու են և չեն գործելու։ Փոխարենը գործելու է Հրազդան համայնքում գտնվող նոր սանիտարական աղբավայրը։ Կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը տրվել է Հրազդան քաղաքից։ Երկու մարզերում նախատեսված է տեղադրել 7000 աղբաման, որում կուտակված աղբը կտեղափոխվի սանիտարական աղբավայր։
Դեռևս 2016թ․-ին կնքված վարկային համաձայնագրով առաջին սանիտարական աղբավայրի գործունեությունն այսօր իրականություն է դարձել։ Սանիտարական աղբավայրը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան համայնքում։
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» միջհամայնքային ընկերության տնօրեն Սերգեյ Համբարձումյանի փոխանցմամբ՝ Կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը տրվել է Հրազդան խոշորացված համայնքից։ Առաջիկա ամիսներին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կտեղադրվեն 7000 թափոնամաններ՝ նախատեսված խառը աղբի համար, զուգահեռ կսկվի նաև աղբահանման գործըթացն այդ երկու մարզում։
Աղբավայրն ունի հատուկ մեմբրանային շերտ, որը կանխելու է աղբաջրերի թափանցումը գրունտային ջրեր։ Այս աղբավայրը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին՝ ասում է Սերգեյ Համբարձումյանը:
Բացի սանիտարական աղբավայրից, Կոտայքի մարզի Ակունք համայնքի վարչական տարածքում կառուցվել է փոխաբեռնման կայան, ևս մեկն էլ կառուցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ Այս կայանների կառուցումը էապես կթեթևացնի համայնքների ֆինանսական ծախսերը՝ թափոնների հավաքման ոլորտում։
Խառը թափոնամաններն ամբողջությամբ ձեռք են բերվել և յուրաքանչյուր օր գրեթե 100 աղբաման տեղադրվում է երկու մարզերի տարբեր համայքններում։ Համբարձումյանն այս աշխատանքներին զուգահեռ կարևորում է քաղաքացիների պատասխանատվությունն՝ աղբի տեսակավորման և աղբը դրա համար նախատեսված վայրերում թափելու հարցում։
Քաղաքացիների վարքագծից է կախված նաև սանիտարական աղբավայրի կյանքի երկարացումը։ Ուսումնասիրությունների համաձայն, որոնք կատարվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում առաջացնում է մոտ 200 կգ աղբ։ Այս հաշվարկներով նոր կառուցված աղբավայրը երկու մարզին կարող է ծառայել ընդամենը 20-25 տարի։ Սակայն, եթե բնակիչներն անցնեն աղբի տեսակավորման, ապա աղբավայրի կյանքը կերկարի:
Այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում սանիտարական աղբավայրին մոտ արտադրամաս կառուցելու համար, որտեղ օրգանական թափոնները կարող են վերածվել բիոգազի: Նշենք, որ այս սանիտարական աղբավայրի կառուցման համար ծախսվել է շուրջ 5.9 մլն եվրո։ Քննարկումներ են ընթանում հանրապետության այլ մարզերում ևս սանիտարական աղբավայրի կառուցման շուրջ։




