ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղության վերաբերյալ մոտեցումների «տոկոսային» նոր գնահատումներ․ համադրելի՞ են IRI հարցումն ու հայ-ադրբեջանական բանակցությունները

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը լիովին կամ մասնակիորեն աջակցում է Հայաստանում հարցվածների 47 տոկոսը։ Հունիսյան հարցման շուրջ 1․500 հարցվածների ճնշող մեծամասնության կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հիմնական առավելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է, իսկ 20 տոկոսը կարծում է, որ պայմանագրի ստորագրմամբ հանդերձ հնարավոր են անվտանգային խնդիրներ ու պատերազմ։ Որքանո՞վ են հարցման արդյունքները համադրելի հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս ընթացքին։

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ հունիսի 16-ից 25-ը Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմ է հարցվածների 47 տոկոսը, 40 տոկոսն ավելի շուտ դեմ է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։ Խաղաղության պայմանագրի հանդեպ ամենահոռետեսը 18-35 տարեկան անձինք են․ այդ տարիքային խմբի 38 տոկոսը դեմ է պայմանագրի կնքմանը։ Փոխարենը համեմատաբար բարձր տարիքային խմբի 70 տոկոսը լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Հարցվածների ճնշող մեծամասնության՝ 74 տոկոսի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հիմնական առավելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է, 6 տոկոսի կարծիքով՝ ճանապարհների ապաշրջափակումը։ Ներկայացնենք հարցման տվյալներից մի քանիսը․

«Հարցվածների 16 տոկոսի կարծիքով՝ պայմանագիրը կարող է ենթադրել տարածքների զիջում Ադրբեջանին։ 10 տոկոսը կողմերի՝ պարտականությունների պատշաճ կատարման վստահության պակաս ունի։ 7 տոկոսի կարծիքով՝ համաձայնագրի պայմանները թելադրվում են միայն Ադրբեջանի կողմից։ Հարցվածների 5 տոկոսին անհանգստացնում է ադրբեջանցիների հնարավոր ազատ ելումուտը Հայաստան, նույնքան մարդ էլ կարծում է, որ կա ցեղասպանության և Հայաստանի կորստի վտանգ»։

Ամերիկյան հետազոտական ինստիտուտի հարցման արդյունքները հրապարակվում են այն շրջանում, երբ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը երկկողմ հանդիպումից հետո խոսում են պայմանագրի ստորագրմանը կամ նախաստորագրմանը մոտ լինելու մասին։ Սակայն այս առումով նաև հեռակա բանավեճ ու տարակարծություններ կան տարածաշրջանի ապաշրջափակման կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Ադրբեջանի նախագահն օրերս նոր պահանջ էր առաջ քաշել՝ պնդելով, թե Հայաստանով տարանցման ժամանակ ադրբեջանական բեռները և ադրբեջանցիները ոչ մի հայ աշխատակցի երես չպետք է տեսնեն, պետք է բացառվեն ֆիզիկական շփումները, լինեն անվտանգային երաշխիքներ։ Պաշտոնական Երևանն արձագանքել էր դրան։ Վարչապետի մամուլի քարտուղարն Ալիևի այդ ձևակերպումն անվանել էր «թաքնված տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ» և ընդգծել, որ Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։
Իրադարձությունների վերջին փոփոխությունների համատեքստում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը պայմանագրի ստորագրումը կամ նախաստորագրումը քիչ հավանական է համարում այս փուլում։ 

«Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ, քանի որ խոշոր առումով կողմերի սկզբունքային դիրքորոշումները չեն փոխվել, ստորագրման հավանականությունը այդքան էլ բարձր չէ։ Որպես օրինակ բերեմ վերջերս վարչապետի աշխատակազմի ներկայացրած պարզաբանումը, ըստ որի՝ ամեն դեպքում ճանապարհի անվտանգությունը ստուգողը պետք է լինի հայկական կողմը, թեև թույլատրելի է նաև տեխնիկական միջոցների ներդումը, որպեսզի էդտեղ ֆիզիկական կոնտակտ չլինի, եթե Ադրբեջանը սա է բերում որպես պատճառաբանություն»։

Ամերիկյան ինստիտուտի հետազոտության արդյունքների հրապարակումից օրեր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծված է համարում։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ շատ վաղ է այս մասին խոսել երկու պատճառով․

«Առաջինը այն է, որ հակամարտության պատճառները վերացված չեն, և իսկ դրա 1-ին պատճառը թուրքական էքսպանսիոնիզմն է այս տարածաշրջանում։ Իսկ 2-րդը, որ տեխնիկապես տեսնում ենք, այն է, որ վերազինումը և պատերազմի հակվածությունն իրականում աճում է, և նույն Ադրբեջանի հռետորաբանությունից է դա երևում։ Վերջին տարվա ընթացքում Ադրբեջանը համենայնդեպս 2 հիմնական հայտարարություն է արել՝ առաջինը անցած տարվա վերջում, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, և Ադրբեջանն ուզում է այդ հարցը լուծել, և 2-րդը՝ մոտավորապես մի ամիս առաջ, որ Հայաստանը, այսպես կոչված, «ռազմական հանցագործ» է»։

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը հետաքրքրվել է նաև  Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքով։ Այսպես,  հաստատուն՝  31 տոկոս է մնացել այն հարցվածների թիվը, որոնք կարծում են, որ պետք է վարել արևմտամետ քաղաքականություն, բայց պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե 2024-ի սեպտեմբերին հարցվածների 20 տոկոսն էր կարծում, որ պետք է լինել ռուսամետ, բայց պահպանել հարաբերությունները ԵՄ-ի և Արևմուտքի հետ, ապա այս տարի այդ թիվն աճել է՝ դառնալով 26 տոկոս։ Ինստիտուտը նույն տրամաբանությամբ համեմատել է Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ կարծիքները։ Այսպես․

«Եթե 2024-ի սեպտեմբերին հարցվածների 58 տոկոսը կողմ կքվեարկեր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին, եթե այն տեղի ունենար առաջիկա կիրակի, ապա 2025-ի հունիսին այդ ցուցանիշը նվազել է 9 տոկոսով, հարցվածների մոտ կեսը՝ 49 տոկոսն է նշել, որ կողմ է եվրաինտեգրմանը։ Հարցվածների 37 տոկոսի կարծիքով՝ ԵՄ-ին անդամագրվելու հիմնական առավելությունն անվտանգության ամրապնդումն է, 18 տոկոսի կարծիքով՝ դա կնպաստի տնտեսական հզորացմանը, 5 տոկոսն իբրև առավելություն նշել է վիզաների ազատականացումը, իսկ 4 տոկոսը՝ խաղաղությունը»։

ԵՄ-ին միանալու առումով հարցվածներին ավելի շատ մտահոգել են սոցիալ-հոգեբանական և ազգային ինքնության պահպանման հարցերը, իսկ, օրինակ, 8 տոկոսի կարծիքով՝ ԵՄ-ին միանալու բացասկան կողմն այն է, որ Ռուսաստանը, այսպես ասած, «կզայրանա»։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն իր նախորդ նստաշրջանում ընդունել է «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։ ԵՄ-ի փորձագետները նախորդ ամիսներին մի քանի անգամ Երևան են եկել՝ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ քննարկումների, և ընդգծել, որ Հայաստանը շարժվում է վիզաների ազատականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսին հայտարարեց, որ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյաների հարցին ի պատասխան, ասել է՝ այո՛, Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ անդամ։

Կարդացեք նաև

Back to top button