
Օրերս Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ուսումնասիրության իրականացման վերաբերյալ հանրային քննարկում։ Հանդիպումը նախաձեռնել էր «Մետա Գոլդ» ՍՊԸ-ն։
Ինչպես «Մետա Գոլդ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մանվել Ղազարյանը, այնպես էլ ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ խոսելով ծրագրի մասին, նշեցին, որ ստեղծվելու են աշխատատեղեր։
Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին, ապա Օսիկյանը նշել է.
«Մետաղների մասով՝ ցինկ է, արճիճ է, ամբողջ աշխարհն է արդյունահանում։ Եթե կարծում եք, որ կարելի է բնությունից վերցնել և 100 տոկոսով հետ վերադարձնել, ապա դա անհնար է, բայց պետք է կառավարելի լինի, բնությանը հասցվող վնասը՝ աննշան։ Նախագծով այդ մասը կներկայացվի»։
Բնակիչների արձագանքն սպասելի էր․ քանի որ զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, գինեգործությամբ,նրանք չէին կարող չմտահոգվել արդյունահանողների՝ հանքի հնարավոր շահագործման մտադրությունից։
Էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նշեց, որ արդեն 9 տարի նույն մարդիկ տարբեր անուններով ու տարբեր ընկերությունների տեսքով փորձում են շահագործել Գլաձորի հանքը։
«9 տարի երկարուձիգ պայքարից հետո մենք էլի եկել ենք մի կետի, որտեղից սկսել ենք»,-իր խոսքի սկզբում ասաց Վարդանյանը՝ ապա հավելեց․ «Սա ծրագիր չէ։ Այստեղ դրված են քարտեզներ, որոնք նախկին քարտեզներին չեն համապատասխանում։ Նախկինում տարածքներն ավելի քիչ էին, հարում էին միայն արգելավայրային գոտուն, որին ՀՀ ՇՄՆ-ը բացասական եզարակացություն է տվել։ Հիմա այս տարածքներն ուղիղ մտել են արգելավայրային գոտի, ինչն օրենքի խախտում է»։




