Միջազգային

Ֆրանսիան մեծացնում է պաշտպանական բյուջեն

Ռուսաստանի կողմից ներկայացվող սպառնալիքի ֆոնին Ֆրանսիան որոշել է արագացնել իր բանակի վերազինման տեմպը և այդ նպատակով նախատեսվածից շուտ պաշտպանության համար հատկացնում է լրացուցիչ միլիարդավոր եվրոներ։

Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 13-ին հայտարարել է, որ 2026 թվականին Փարիզի կողմից պաշտպանության համար լրացուցիչ ծախսերի ծավալը կկազմի 3.5 միլիարդ եվրո, իսկ 2027 թվականին՝ 3 միլիարդ եվրո։

«Այսպիսով, 2027 թվականին մենք մեր պաշտպանության վրա կծախսենք 64 միլիարդ եվրո։ Սա կրկնակի ավելի է, քան 2017 թվականին զինված ուժերին պաշտպանության համար հատկացված բյուջեն»,- Բաստիլի գրավման տոնի նախօրեին զինված ուժերին ուղղված իր ավանդական ուղերձի ժամանակ հայտարարել է Մակրոնը։

Սկզբում Ֆրանսիայի պաշտպանության բյուջեի կրկնապատկումը նախատեսված էր 2030 թվականին, հիշեցնում է dpa գործակալությունը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ 1945 թվականին, ազատությունը երբեք այսքան սպառնալիքի տակ չի եղել»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմի մասին։

«Մեր մայրցամաքում խաղաղությունը երբեք այսքան կախված չի եղել մեր որոշումներից»։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ սպառնալիքներին դիմակայելու համար Ֆրանսիան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի և տիեզերական զենքի համակարգերի մեջ։ Մակրոնը վերահաստատել է այն միտքը, որ եվրոպական երկրները պետք է պաշտպանության հարցը վերցնեն իրենց ձեռքը և համատեղ ներդրումներ կատարեն։

Կարդացեք նաև

Back to top button