
Օրերս Երևանում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը ևս մեկ անգամ առիթ դարձավ վերաիմաստավորելու կառույցի դերն ու առաքելությունը համահայկական իրականության մեջ։ Հիմնադրամը պարզապես դրամահավաքներ կազմակերպող չէ։ Այն միասնության խորհրդանիշ է, միակ հարթակը, որտեղ գաղափարական հակառակորդները՝ կուսակցությունները, միությունները և եկեղեցիները, նստում են միևնույն սեղանի շուրջ՝ հանուն մեկ նպատակի՝ հզոր Հայաստանի։ Սակայն այս միասնության ճանապարհին կա մի անտեսանելի, բայց չափազանց վտանգավոր ճակատ՝ ապատեղեկատվության, կասկածի և անվստահության դեմ մղվող ամենօրյա պայքարը։
Այս բարդ, բայց կենսական իրականության մասին է պատմում հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Դանիել Ապիկյանն, ում անձնական պատմությունը Սփյուռքի խճանկարի կատարյալ մարմնավորումն է։ Ուրուգվայում ծնված, հունահայ միջավայրում մեծացած Դանիել Ապիկյանի ընտանիքի արմատները, ինչպես միլիոնավոր հայերինը, ձգվում են դեպի ցեղասպանության արհավիրքը։
«Բոլորս անշուշտ ջարդի արդյունքն ենք», — ասում է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամի գոյությունը ոչ թե ընտրություն է, այլ պատմական անհրաժեշտություն։
Հունաստանի նման Սփյուռքի «հին» համայնքները կանգնած են յուրահատուկ երկընտրանքի առաջ։ Նրանք ունեն սեփական դպրոցներ, եկեղեցիներ և կառույցներ, որոնք գոյատևման համար մշտական ֆինանսական աջակցության կարիք ունեն։
«Հեշտ չէ հայ լինելը Հայաստանից դուրս», — խոստովանում է նա։ Սա ստեղծում է բարդ իրավիճակ. նույն սահմանափակ ռեսուրսների համար մրցակցում են թե՛ տեղի համայնքային խնդիրները, թե՛ «Հայաստան» հիմնադրամի համազգային ծրագրերը։ Այս պայմաններում մարդկանց համոզելը դառնում է կրկնակի դժվար։
Իրավիճակն էլ ավելի է բարդացնում ապատեղեկատվության տարածումը, որը սոցիալական ցանցերի դարաշրջանում տարածվում է վիրուսի արագությամբ։
«Կան ուժեր, որոնք սխալ, կեղծ, ժխտական տեղեկություններ են տարածում», — նշում է Դանիել Ապիկյանը։

Ամենավտանգավոր շփոթմունքներից մեկը հիմնադրամը ՀՀ կառավարության հետ նույնացնելն է։ Սա հատկապես սրվում է քաղաքական լարվածության պահերին՝ անվստահության սերմեր ցանելով այն մարդկանց շրջանում, ովքեր գուցե դժգոհ են տվյալ պահի իշխանությունից։ Նա հստակեցնում է.
«Պետք է զատել. հիմնադրամը քաղաքական գործիչ չէ, այն մարդասիրական կառույց է»։ Այս շփոթմունքը դառնում է հարմար «պատճառաբանություն» նրանց համար, ովքեր, ինչպես նկատում է ատենապետը, «արդեն իսկ ընդհանրապես ցանկություն չունեն որևէ բանի մասնակցելու և օգնելու»։ Այս մարտահրավերներին հիմնադրամը դիմակայում է մեկ հզոր զենքով՝ բացարձակ թափանցիկությամբ՝ավելացնում է։ Գործունեությունը ներկայացվում է «փաստերով, ոչ խոսքով»։ Երբ դրամահավաք է հայտարարվում, հստակ նշվում է նպատակը, իսկ ավարտից հետո ներկայացվում է մանրամասն հաշվետվություն, թե ինչպես է ծախսվել յուրաքանչյուր լուման։ Ավելին, հիմնադրամը կիրառում է ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ Սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստան հրավիրելը։
«Նրանք պետք է գան, տեսնեն ծրագրերի իրականացումը, իրենց աչքով ականատես դառնան, — ընդգծում է Դանիել Ապիկյանն ու ավելացնում։-Երբ մարդը սեփական աչքով տեսնում է կառուցված դպրոցը, վերանորոգված հիվանդանոցը կամ տուն ստացած արցախցի ընտանիքին, սոցցանցային ցանկացած կեղծիք կորցնում է իր ուժը։ Վերադառնալով իրենց համայնքներ՝ նրանք դառնում են ճշմարտության դեսպանները»։
Չնայած արտաքին աղմուկին՝ տեղական մարմինների վստահությունը Երևանի կենտրոնական գրասենյակի նկատմամբ անսասան է։ «Նիստը հիանալի էր»,-հավաստիացնում է Դանիել Ապիկյանը՝ խոսելով հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի մասին։




